Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում այս տարի 22 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն, հայտնում է մարզպետարանի ներկայացուցիչը


Թեև Շիրակի մարզում այս տարի ճանապարհաշինական բավականին մեծ ծրագիր է իրականացվում, սակայն տեխնիկան լռում է Հյուսիս-հարավ մայրուղու Գյումրի-Թալին հատվածում։

Կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշըն» կազմակերպության ներկայացուցիչները փակ սահմանների պատճառով այդպես էլ չեն կարողացել կարողացել Չինաստանից Հայաստան հասնել: Արդեն որոշվել է, որ Թալին-Գյումրի ճանապարհահատվածը բետոնի փոխարեն ասֆալտապատվելու է, փոխանցեց մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը:

«Վերափոխվել է ամբողջությամբ Թալին-Գյումրի ճանապարհահատվածը՝ բետոնային ծածկույթն ամբողջությամբ վերափոխվել է ասֆալտ-բետոնյա ծածկույթի: Դա էժան չի, մեր ճանապարհների, կլիմայական պայմաններից ելնելով ավելի շահավետ է շահագործել, քան բետոնային ծածկույթ ունեցող ճանապարհը», - նշեց Խնձրցյանը:

Կառավարությունը Հյուսիս-Հարավ մայրուղու պատճառով ստեղծված դժվար ու ծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու նպատակով հիմնանորոգման աշխատանքներ է տանում Գյումրին շրջանցող երկու ճանապարհների վրա՝ մեկը՝ Ապարանով, մյուսը՝ Արմավիրով: Խաչատուր Խնձրցյանն ասում է, որ այս տարի մարզում 22 մլրդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն։ Գումարը նախորդ տարվա համեմատ 10 մլրդ դրամով ավելի է:

«Մարզում 2020 թվականին կիրականացվի առնվազն 22 միլիարդ 600 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, այս պահին դրությամբ հիմնական աշխատանքները սկսվել են, 4 միլիարդ դրամ հատկացված պետական բյուջեից, դա ընդհանուր 28,5 կմ է, ևս 2,5 կմ միջին նորոգման աշխատանքներ է իրականացվում: Սուբվենցիոն ծրագրերով 14-15 համայնքների ընդհանուր 1,6 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել», - ասաց մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետը:

Ճանապարհաշինական այս ծրագրի ավարտից հետո մարզում դժվարանցանելի ու հիմանորգման ենթակա քանի՞ ճանապարհ դեռ կմնա, հետաքրքրվեցինք մարզպետարանի պաշտոնյայից. «Մենք մարզում ունենք շուրջ 829 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ, որից շուրջ 300 կմ էս պահին դեռ վատ վիճակում են»:

Անցած տարի Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում նորոգման աշխատանքներ էին իրականացվել: Մի քանի ամիս անց որոշ հատվածներում ասֆալտը արդեն քանդվել է: Ըստ Խնձրցյանի՝ մասնագետները փորձում են հասկանալ պատճառը։

«Հանձնարարվել է և՛ շինարարին, և՛ նախագծային կազմակերպությանը շուտափույթ ուսումնասիրել պատճառները, և պարզվի, թե ինչից է, ամբողջությամբ կվերկանգնեն», - ասաց նա:

Լինսի հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված Գուսանագյուղ-Հոռոմ ճանապարհը ռուսական զինվորական ծանր զինտեխնիկայի տեղաշարժի պատճառով քայքայվել ու շարքից դուրս է եկել: Ճանապարհի այդ հատվածն այս տարի հիմնանորոգվում է, իսկ ահա նույն ռուսական զինվորական տեխնիկայի պատճառով շարքից դուրս եկած Փանիկ գյուղի ճանապարհները հավանաբար հաջորդ տարի կնորոգվեն։

Խաչատուր Խնձրցյանի փոխանցմամբ՝ մարզային իշխանությունները հաջորդ տարվա համար ավելի մեծ ճանապարհաշինական ծրագիր են պատրաստվում ներկայացնել կառավարությանը. «Եթե ամբողջությամբ ծրագիրը հաստատվի, մարզում կիրականացվի շուրջ 70 կմ արդեն երկարությամբ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG