Մերկելը չի բացառում Նավալնիի դեպքի անդրադարձը «Հյուսիսային հոսք-2»-ի ճակատագրի վրա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զեյբերտը:

Գերմանացի պաշտոնյայի խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում դեռևս սպասում են ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի պատասխանին:

Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակաբար պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։

«Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։ Անցած օրերին մի շարք գերմանացի քաղաքական և հանրային գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել այդ նախագծից, եթե ռուսաստանյան իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը: