Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության վարչապետի թեկնածուն Միխեիլ Սաակաշվիլին է, այս մասին հայտարարել է քաղաքական ուժի առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում նշանակված են առաջիկա հոկտեմբերի 31-ին:
«Միխեիլ Սաակաշվիլին աքսորված է: Պետք է ավարտվի ոչ միայն Վրաստանի երրորդ նախագահի աքսորը, այլ նաև մեկընդմիշտ արմատախիլ արվի քաղաքական վտարանդիության պրակտիկան։ Միխեիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա երկիր», - հայտարարել է Վաշաձեն:
Այսօր ակնկալվում է, որ Վրաստանի նախկին առաջնորդը կհրապարակի իր «վերադարձի պլանները»։ Հայրենիքում մի շարք քրեական գործերով գլխավոր ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Սաակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո՝ 2013 թվականին, լքել է երկիրը, իսկ 2015 թվականին զրկվել Վրաստանի քաղաքացիությունից։ Նա բնակվում է Ուկրաինայում, որի կառավարությունում գլխավորում է բարեփոխումների գործադիր կոմիտեն։