Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 26,3 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 868 հազարին, հիվանդությունից ապաքինվել է 17,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Վարակակիրների թիվն ամենուր աճում է:
Բրազիլիայում համաճարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4 միլիոնը:
Կիևի հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդների ընդունման համար նախատեսված ազատ տեղեր գրեթե չեն մնացել, սակայն կոշտ սահմանափակումների վերադառնալու մասին խոսք չկա:
Կորոնավիրուս է հայտնաբերվել դերասան Ռոբերտ Փաթիսոնի մոտ, այդ պատճառով «Բեթմեն» ֆիլմի նկարահանումները կրկին դադարեցվել են:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ամբողջ աշխարհում առնվազն 7 հազար բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից, ընդգծելով, որ առաջնագծում վիրուսի դեմ պայքարողները պաշտպանական միջոցների պատշաճ հասանելիության կարիք ունեն:
«Յուրաքանչյուր բուժաշխատող իրավունք ունի աշխատավայրում ապահով լինել», - հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Սթիվ Քոքբորնը: - «Համաճարակի սկվելուց շատ ամիսներ անց բուժաշխատողները դեռ շարունակում են մահանալ սարսափելի արագությամբ Մեքսիկայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում»:
Քոքբորնը նշել է նաև, որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ու Հնդկաստանում վարակն արագ տարածվում է, և հարկավոր է համապատասխան գործողություններ ձեռնարկել: