Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Էդգար Մալաքյանը մեկ ամսով կկալանավորվի, «Ազատության» հետ զրույցում հայտնեց փաստաբան Գոռ Միքայելյանը:
Ազգային հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Քննչական կոմիտեն եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
Ըստ մեղադրանքի, օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նկատել են կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վարչական իրավախախտման փաստով կազմել են արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող ֆուտբոլիստ եղբայրները, պահանջել են տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, բայց մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել են նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Նրանց են մոտեցել նաև ոստիկանության այլ ծառայողներ և ԱԱԾ քննիչներ, և ըստ մեղադրանքի վերջիններիս նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։
Այսինքն՝ միջադեպին ներկա են եղել առնվազն երկու իրավապահ կառույցի ներկայացուցիչներ։
Ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանի պնդմամբ` առերեսման ժամանակ տուժող ոստիկանը առերևույթ որևէ վնասվածք չի ունեցել: Պաշտպան Գոռ Միքայելյանը հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարը, որի վրա երևում են նրանց դեմքի կապտուկները: Էդգար Մալաքյանը հանդես է գալիս Երևանի «Արարատ»-ում, Գոռը՝ «Փյունիկ»-ում: