Մատչելիության հղումներ

Մալաքյան եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


Գոռ և Էդգար Մալաքյաններ
Գոռ և Էդգար Մալաքյաններ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար։ Քննչական կոմիտեն եղբայրներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։

Ըստ մեղադրանքի, օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները նկատել են կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան և բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վարչական իրավախախտման փաստով կազմել են արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող ֆուտբոլիստ եղբայրները, պահանջել են տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, բայց մերժում ստանալով, դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել են նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը և տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք: Նրանց են մոտեցել նաև ոստիկանության այլ ծառայողներ և ԱԱԾ քննիչներ, և ըստ մեղադրանքի վերջիններիս նկատմամբ ևս բռնություն է գործադրվել։

Այսինքն՝ միջադեպին ներկա են եղել առնվազն երկու իրավապահ կառույցի ներկայացուցիչներ։

Ֆուտբոլիստ եղբայրների փաստաբանի պնդմամբ, առերեսման ժամանակ տուժող ոստիկանը առերևույթ որևէ վնասվածք չի ունեցել: Միննչդեռ պաշտպան Գոռ Միքայելյանը հրապարկել է Մալաքյան եղբայրների լուսանկարը, որի վրա երևում են նրանց դեմքի կապտուկները:

«Հիմա ո՞վ է ծեծվածը և ո՞վ` ծեծողը, - հարցնում է փաստաբանը։ - «Ակնհայտ է, որ այն, ինչը մեղադրանքով ներկայացվել է, ուղղակի չի կարող լինել: Չեն կարող երկու տղաներ, ինչքան էլ սպորտսմեն են, ինչքան էլ ֆուտբոլիստ են, չեն կարա էդ բոլորին հերթով ծեծի ենթարկել, իրենք վնասվածք ստանան ու որևէ մեկը վնասվածք չստանա: Կարծում եմ, գոնե դատարանը էս ամենին ուշադրություն դարձնի»։

Փաստաբանի խոսքով, ներկայացված մեղադրանքը ընդհանրական ձևակերպումներ ունի և իրենց համար անհասկանալի է. – «Էս պահին մեզ համար պարզ չի, վերջը իրենք ինչն են դիտարկում բռնություն, ինչն են դիտարկում հասարակական կարգը պահպանող անձանց դիմադրություն ցույց տալը: Եթե պարզ լինի, ես կարող եմ ձեր հարցին պատասխանել: Բայց այն, ինչը նկարագրված է մեղադրանքում, ըստ իմ տեղեկության, այդպես չի եղել, ինչը ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից, ինչը որ հրապարակվել է Քննչական կոմիտեի կողմից: Քննչական կոմիտեն ինչ է հրապարակել. երկու ֆուտբոլիստները վիճաբանել են ոստիկանների հետ, կատարել են խուլիգանություն, ծեծի են ենթարկել նրանց: Հետագայում, քննության ընթացքում, երբ առերեսումը կատարվում է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ, ընդամենը մի հատ հարվածի մասին են նշում: Ենթադրենք էդ ոստիկանը ամեն ինչ ճիշտ է ասում, և հարվածը ենթադրենք եղել է, արդյո՞ք դա [նշանակում է, որ] երկու եղբայրները ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին»:

Պաշտպանը պնդում է, թե եղբայրները ոչ միայն դեմքի շրջանում վնասվածքներ ունեն, այլև գլխի, մարմնի տարբեր հատվածներում։

Միջադեպին է անդրադարձել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Նա դիմել է իրավասու պաշտոնատար անձանց՝ ակնկալելով դեպքի անաչառ քննություն, և խնդրել է քննարկել Մալաքյան եղբայրների նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառման հնարավորությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատու պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել հանդես գալ նաև անձնական երաշխավորությամբ:

Էդգար Մալաքյանը հանդես է գալիս Երևանի «Արարատ»-ում, Գոռը՝ «Փյունիկ»-ում: Այս օրերին բազմաթիվ ֆուտբոլիստներ սոցցանցերի իրենց էջերում զորակցությունն են հայտնում եղբայրներին և իրավապահներից պահանջում՝ միջադեպը ներկայացնել ողջ եղելությամբ, այլ ոչ դրվագներով:

XS
SM
MD
LG