Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը աճել են

Վրաստան- Բաթումիում կորոնավիրուսի թեստ են անցկացնում, 2 սեպտեմբերի, 2020թ.

Վրաստանում անցած մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 38 դեպք։ Սա իհարկե մեծ թիվ չէ, համեմատած աշխարհի շատ երկրների հետ, բայց համավարակի ամբողջ ժամանակահատվածում ապրիլից հետո սա Վրաստանում գրանցված երկրորդ բարձր թիվն է։ Ապրիլի 16-ին արձանագրվել էր 42 դեպք։

Վիրուսի բռնկման նոր օջախը համարվում է ծովափնյա Բաթումին։ Նախօրեին կորոնավիրուս էր հայտնաբերվել քաղաքում հայտնի հրուշակեղենի «Դոնա» խանութի աշխատակցի մոտ։ Նրա հետ շփված ավելի քան հինգ տասնյակ մարդ, այդ թվում` խանութի աշխատակիցները ինքնամեկուսացվել են։ Խանութը փակվել է։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում այնտեղից գնումներ կատարած հաճախորդներին խորհուրդ է տրվել կորոնավիրուսի թեստ հանձնել։ Բաթումիի բուլվարում երրորդ բժշկական վրան է տեղադրվել անվճար թեստեր հանձնելու համար, պատասխանը տրվում է մեկ օրվա ընթացքում։

Հրուշակեղենի խանութից բացի, կորոնավիրուսի դեպք է հաստատվել նաև պետական անվտանգության ծառայությունում։ Հաղորդվում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել դեպարտամենտներից մեկի շարքային աշխատակցի մոտ, նրա հետ կոնտակտներ ունեցածները թեստ են հանձնել, 38 աշխատակիցներ կարանտինի մեջ են, պետական անվտանգության ծառայության շենքը ախտահանվել է։

Վրաստանի իշխանություններն իսկույն արձագանքել են COVID-19-ի դեպքերի աճին։ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստը։ Վարչապետ Գեորգի Գախարիան ասել է, որ չնայած վիրուսի 38 նոր դեպք է հաստատվել, դպրոցների վերաբացումը չի հետաձգվի, դասերը ինչպես նախատեսված էր, կսկսվեն սեպտեմբերի 15-ին։ Քաղաքային, տեղական իշխանություններին նա կոչ է արել խստացնել վերահսկողութունը, բայց ընդհանուր սահմանափակումների որոշումներ չեն ընդունվել։ Գախարիան ասել է, թե չեն պատրաստվում Բաթումիում կարանտին հայտարարել, փակել քաղաքը։ Ավելի շատ քաղաքացիներ կստուգվեն, թեստեր կհանձնեն։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ճեպազրույցում ասել է, թե Վրաստանում 120 հազար PCR թեստեր կան, և ըստ ստորագրված պայմանագրերի` ևս 500 հազար հատ դեռ ստանալու են։ Նրա խոսքերով` չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, խուճապ կամ տագնապ չկա, իրավիճակը կառավարելի է և վերահսկվում է։ Խիստ սահմանափակումներ մտցնելու հիմքեր չկան։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, որ անցած մեկ օրում կորոնավիրուսի հաստատված 38 դեպքերից 22-ը կապված են Բաթումիի հրուշակեղենի խանութի հետ։

Նրա հայտնած տվյալներով` Վրաստանում կորոնավիրուսից այս պահին բուժվում է 251 հիվանդ, որոնցից 15-ի վիճակը ծանր է, իսկ 3-ինը` ծայրահեղ ծանր։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը արձանագրվել է փետրվարի 26-ին։ Այդ օրվանից մինչև հիմա Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1548 դեպք, 1270 հիվանդ բուժվել է, 19-ը մահացել են, ավելի քան 6 հազարը կարանտինի մեջ են, իսկ 239 մարդ հիվանդանոցներում գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Համավարակի ամբողջ ընթացքում հաղորդվել է ինչ-որ քանակի մարդկանց ստացիոնար հիվանդանոցներում գտնվելու մասին, բայց չի հստակեցվում, թե ինչ պատճառով են նրանք գտնվում բժիշկների վերահսկողության տակ, եթե վարակակիր չեն համարվում։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը վկայում է, որ այսօրվա դրությամբ վիրուսի տարածման ամենաբարձր տեմպերը Հնդկաստանում են։ Ակնկալվում է, որ Հնդկաստանը դեպքերի թվով կանցնի Բրազիլիայից ու կդառնա երկրորդ երկիրն ԱՄՆ-ից հետո։ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն ընդհուպ մոտեցել է մեկ միլիոն 800 հազարի, անցած մեկ օրում 26 հազար 500-ից ավելի նոր դեպք է գրանցվել, համեմատության համար նշենք, որ օրական կտրվածքով հաստատված մյուս բարձր թվերը 5-6 հազարի սահմաններում են՝ Ռուսաստանում, Մեքսիկայում։

Չնայած վատթարացող իրավիճակին Հնդկաստանում սահմանափակումները թուլացվում կամ հանվում են։ Հարավային Բենգալուրու քաղաքում վեցամսյա ընդմիջումից հետո հազարավոր փաբեր սեպտեմբերի 1-ից սկսել են ալկոհոլային խմիչքների վաճառքը։

Զբոսաշրջային հայտնի Գոայում վերջերս թուլացվել են սահմանափակումները զբոսաշրջիկներին կրկին գրավելու նպատակով։ Դելիի իշխանությունները պատրաստվում են մետրոյի աշխատանքը վերսկսելու որոշում ընդունել, չնայած վերջին երկու ամիսներին կորոնավիրուսի դեպքերը Դելիում հասել են առավելագույնի։

Ինչպես աշխարհի շատ երկրների դեպքում, կորոնավիրուսի հետևանքով Հնդկաստանի տնտեսությունը ևս մեծապես տուժել է. ապրիլից հունիս ժամանակահատվածում Հնդկաստանի տնտեսությունը համարյա մեկ քառորդով կրճատվել է, ավելին քան կանխատեսվում էր։

Կորոնավիրուսի դեպքերի ու մահացության տվյալներով ԱՄՆ-ն մնում է ամենատուժած երկիրը։ Այնտեղ 6 միլիոն 200 հազարից ավելի դեպք է հաստատվել, կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 189 հազարի։

Իսկ ամբողջ աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերն ընդհուպ մոտեցել են 26 միլիոնի։