«Կորոնավիրուսի տարածման շուրջ իրավիճակը Վրաստանում կարող է դուրս գալ վերահսկողությունից», - այսօր Թբիլիսիում նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն՝ մեկնաբանելով բարձրլեռնային Սվանեթիայի շրջանում վերջին օրերին ստեղծված կացությունը։ Երկուշաբթի օրվանից Սվանեթիայի վարչական կենտրոն Մեստիայում և հարակից գյուղերում կորոնավիրուսի 30 նոր դեպք է արձանագրվել։
«30 դեպքը մեկ օջախում շատ է։ Եթե նման իրավիճակ ստեղծվի երկրի միանգամից մի քանի կետերում, ապա վարակի տարածումը զսպել այլևս հնարավոր չի լինի։ Համատարած թեստավորում իրականացնելու համար մենք բավարար ռեսուրս պարզապես չենք ունենա», - հայտարարում էր Իմնաձեն։
Շաբաթասկզբից Սվանեթիայում խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել, երեկվանից Մեստիայում և հարակից բնակավայրերում բնակչության զանգվածային թեստավորում է իրականացվում։