Սաուդյան Արաբիան թույլատրել է Իսրայելում գրանցված քաղաքացիական ինքնաթիռներին օգտագործել իր օդային տարածքը՝ Թել Ավիվի և Արաբական Միացյալ էմիրություններում գտնվող օդանավակայանների միջև չվերթներ իրականացնելու համար։ Այս մասին այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Այժմ մենք կարող ենք խոսել ևս մեկ ցնցող ճեղքման մասին։ Թել Ավիվից Դուբայ և Աբու Դաբի ուղևորվող և այնտեղից վերադարձող իսրայելական, ինչպես նաև երրորդ պետությունների օդանավերը հնարավորություն կունենան այդ չվերթներն իրականացնել ամենակարճ ուղով, առանց որևէ տարածք շրջանցելու։ Դա նշանակում է, որ չվերթները ավելի կարճ կտևեն, և դրանց ինքնարժեքն ավելի ցածր կլինի։ Բացի այդ, դա կնպաստի իսրայելցիների համար արևելքի բացահայտմանը։ Այսուհետ Թաիլանդ և ասիական այլ պետություններ ուղևորվելիս դուք կարող եք գումար և ժամանակ խնայել», - հայտարարում էր Նեթանյահուն։