Գասպարյանի կողմից լրագրողի գործունեությանը խոչընդոտելու գործով բացահայտվել են չարաշահումներ, նոր քրգործ է հարուցվել. ՔԿ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել են չարաշահումներ, և հարուցվել քրեական նոր գործ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Սևանի ափին գտնվող 14 շինություններից 2-ը 2013թ.-ից հետո նշված չեն եղել Դրախտիկ համայնքի ղեկավարի ներկայացրած հատակագծում, նաև չնայած լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրման արգելքին, դրանք առկա են եղել։

Անցած ամիս հենց Քննչական կոմիտեի նշած հատվածում էր «Ազատության» նկարահանող խումբն ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժի նկարահանումներ իրականացրել, երբ Վլադիմիր Գասպարյանը դուրս էր եկել առանձնատնից ու սպառնալիքներով խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Հետո մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ այդ առանձնատունն իրենն է։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը մանրամասնում է. - «Պարզվել է, որ ըստ 2017 թվականի դեկտեմբերի 19-ին հաստատված հատակագծի՝ պատրաստվող ռեպորտաժի համար իրականացվող նկարահանման վայրում` Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի հողամասում, առկա է 14 միավոր շինություն, մինչդեռ համաձայն ստացված տվյալների՝ հատակագծում նշված չեն դրանցից լճի մոտակայքում գտնվող 2 շինությունները, որոնք դեռևս 2013 թվականի հունվարի 28-ի դրությամբ, ի թիվս այլ շինությունների, առկա են եղել: Նշված շինությունները բացակայում են նաև Դրախտիկ համայնքի ղեկավարի կողմից 2017 թվականի փետրվարի 20-ի համաձայնեցված կառուցապատման սխեմայում»:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նաև ասված է, որ խնդրո առարկա դարձած անշարժ գույքի սեփականատերը 2017-ին դիմել է հասցեի անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման համար, բայց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակցի որոշմամբ այդ գործընթացը կասեցվել է, քանի որ ներկայացված փաստաթղթերում առկա է եղել անհամապատասխանություն, ինչպես նաև մի շարք շինություններ եղել են ոչ թույլատրելի գոտում, սակայն հետո «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը և նրա առաջին տեղակալը 2017-ին և 2018-ին տվել են տեղեկանքներ, որ այդ հասցեում գտնվող հիմնական շինությունները գտնվում են թույլատրելի գոտում, ինչի հիման վրա էլ 2018թ. հունվարին այդ անշարժ գույքը պետական գրանցում է ստացել:

«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի խոսքով` Գասպարյանի առանձնատան հիմնական շինությունները քանդման ենթակա չեն

Դեռ նախորդ տարի բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող շինությունները քանդվելու են։ Ստացվում է՝ եթե Քննչական կոմիտեի մատնաշած շինությունները նշված լինեին այդ նիշից ցածր, ապա ենթակա կլինեին քանդման։ Կոմիտեի վկայաբերած թվականներին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը Վահե Գուլանյանն էր, որն անցած տարի սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը թերի է, հույս ունի, որ այն կշտկվի։ Ընդգծեց՝ նախկին ոստիկանապետի առանձնատան հիմնական շինությունները քանդման ենթակա չեն, որովհետև նշված նիշից ցածր չեն գտնվում, բայց ասաց՝ քանդման ենթակա շինություններ էլ կան։ Գուլանյանը պնդեց՝ ինքը ոչ մի խախտում չի արել, «Սևան ազգային պարկ»-ն էլ իր ղեկավարման տարիներին Վլադիմիր Գասպարյան անունով վարձակալ չի ունեցել, նշված տարածքը, ըստ նրա, Հեղուշ Գալստյանի անունով է եղել ու ունեցել է մի քանի վկայականներ։

Մամուլն, ի դեպ, բազմիցս գրել էր, որ Հեղուշ Գալստյանը Վլադիմիր Գասպարյանի զոքանչն է: «Մեզ այդ ժամանակ ներկայացվել է 048 հեկտարի վերաբերյալ հատակագիծ: Ես հիմա էլ եմ ասում` նշված հատակագծում նիշից ցածր շինություններ չեն եղել, էտ տարածքի մեջ շատ քիչ միավորներ կան, որոնք կարող է հատեն 1905 մետր բարձրակարգ նիշի գիծը կամ գտնվեն նիշից ցածր, օրինակ` պարիսպները, որը ր նիշից բարձր են, բնականաբար, ապամոնտաժման ենթակա չեն: Եվ դրանք ոչ թե այդ ժամանակ գրանցվել են, արդեն իսկ գրանցված են եղել, ունեցել են Կադաստրի վկայական, մենք ընդամենը վերագրանցում ենք արել»:

Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս գործով նախկին ոստիկանապետը չի հարցաքննվել։ Ամիսներ առաջ էլ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ տարիներ առաջ Վլադիմիր Գասպարյանը դստեր պրոդյուսերին տուն է նվիրել, կնոջն ու մյուս աղջկան՝ կոչումներ շնորհել։

«Վեթինգ ու լյուստրացիա չիրականացնելու հետևանքով իրավապահ համակարգը տապալելու է հեղափոխությունը»

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ամիսներ են անցել, բայց այս գործով նորություն դեռ չկա։ Ըստ իրավապաշտպանի` սա թույլ է տալիս ենթադրել, որ առանձնատան տարածքում կառուցված խնդրահարույց շինությունները ոչ միայն չեն քանդվելու, այլև օրինականացվելու են։ «Վեթինգ ու լյուստրացիա չիրականացնելու հետևանքով իրավապահ համակարգը տապալելու է հեղափոխությունը,- վստահ է իրավապաշտպանը, - դրանց կազմում են այդ թվում նաև, նորից պնդելու են իրավապահ մարմինները, դատախազությունը, որովհետև մենք տեսնում ենք բուռն ծափահարություններով հարուցված քրեական գործեր, հետո քնեցված վիճակ, հետո մեղադրանքից հրաժարվել կամ գործերը կարճել, կամ կասեցում, կամ արդարացում: Մի խոսքով` մենք տեսնում ենք իրավիճակ, որտեղ հստակ դիմադրություն կա, և սա այն բոլոր դեպքերում, երբ բոլորս վստահ ենք, որ այդ խախտումը կա, և բոլորս հասկանում ենք, որ խախտում կամ հանցագործություն կա»:

Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը վերաբերվող այս քրեական գործը հարուցվել է պաշտոնեական կեղծիքների ու շենք-շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ։ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվում է հարցազրույց տալ «Ազատությանը», իսկ Ֆեյսբուքի իր էջում էլ այս նոր քրգործի մասին գրել է. «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։