Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին


Լրագրողական կազմակերպությունները պահանջում են իրավապահ մարմիններից ամենայն լրջությամբ քննության առնել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» աշխատանքը խոչընդոտելու միջադեպը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել նրան։

Տարածած հաղորդագրությունում նշված է. «Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ։

Հիշենք 2015 թվականի «Էլեկտրիկ Երևանի» և 2016-ի Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանական գործողությունների թիրախ դարձան 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ, որոնք ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների ու ապօրինի հետապնդումների։

Կամ՝ «1in.am» լրատվական կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի հասցեին արտաբերած նրա կոպիտ վիրավորանքը, որն անթաքույց վրդովմունք առաջացրեց լրագրողական հանրության շրջանում։

Այս ամենն անպատիժ մնաց, և, ըստ երևույթին, հենց դա է պատճառը, որ այսօր նախկին ոստիկանապետը շարունակում է անվայելուչ վարք դրսևորել լրագրողների նկատմամբ»։

Հիշեցնենք, անցած շաբաթ օրը, Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: Նա կվադրոցիկլը վարել էր լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

Միջադեպ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

XS
SM
MD
LG