«Երգիր, և քովիդը կհեռանա»

«Երգիր, և քովիդը կհեռանա». – հենց այս տրամադրությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչները» միջազգային հեղինակավոր «Ինտերկուլտուր» մրցույթում արժանացան հատուկ մրցանակի:

Երգչախմբային արվեստի համաշխարհային խաղերը Օլիմպիադայի նման մի բան են, երկու տարին մեկ են կազմակերպվում, 450 երգչախումբ, ավելի քան 30 հազար կատարող: Այս տարի միջոցառման 20-ամյակն էր, թեման՝ համաճարակը:

«Եվ էս գաղափարը դուր եկավ՝ երգե՛ք, մեկ է՝ քովիդ է, թե ինչ է, երգեք», - նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Խաղի այս նոր կանոնները շատ անհարմարություններ են ստեղծել երգարվեստի համար, և այս տարի ընդամենը 44 երկրից 148 երգչախումբ կարողացան մասնակցել՝ ընտրել երգ, ձայնագրել, նկարահանել տեսահոլովակ և ուղարկել՝ Տիգրան Հեքեքյանի համար մի անընդունելի իրավիճակ:

«Եվ ես միշտ դեմ եմ եղել այս առցանց երգչախմբային պարապմունքներին կամ.... որովհետև դա սուտ է և դա հնարավոր չէ, բայց էս ձևաչափը, ասենք՝ ինչպես էստրադային երգերն են գրվում, հնարավոր է: Եվ ես ասացի, քանի որ համաշխարհային ֆեդերացիայի մեծ համաժողովի ժամանակ, այդ հարթակում ես քննադատեցի, որ կան մարդիկ, որոնք շատ ճարպիկ են և հիմա նույնիսկ մաստեր կլասներ են անում դրա, ասացի, որ հասկացողը հասկանում է, որ դա ձև է և երբեք որևէ արդյունքի չի հասնի: Եվ ամենակարևորը՝ երգչախմբային արվեստը իր հմայքը միասին հանդիպելու, արարելու, մենք միասին շնչում ենք, միասին արտաշնչում ենք, միասին նույն հնչյունն ենք արտաբերում, նույն ոճի, նույն ձևի», - նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավարը՝ շարունակելով. - «Ես քննադատեցի, և որպեսզի չստացվի՝ միայն քննադատում եմ, ասացի՝ մի բան կանեմ, որ երևա, որ ես դա անում եմ, ոչ թե միայն լոկ խոսքեր են»:

Վերցրեցին Pentatonix-ի Sing երգը, բառերը փոխեցին, և գնաց, կրեատիվը միացավ: Նկարահանել են սեփական միջոցներով, ինչ ընկել է ձեռքի տակ: Սոցիալական չէ՝ ֆիզիկական հեռավորությունը պահպանվել է երգելու, նկարահանվելու պահին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երգեցողությունն արգելված էր այդ շրջանում:

Ուղիղ և փոխաբերական իմաստով օնլայն տիրույթում հայտնված «Հայաստանի փոքրիկ երգիչները», որոնց շենքային խնդիրները դեռ չեն լուծվել, չգիտեն՝ ինչ են անելու COVID-19-ը հաղթահարելուց հետո: Շուտով անձրևներ կսկսվեն, իսկ շենքի ամրացման աշխատանքները դեռ չեն սկսվել:

«Իսկ երբ որ էս քովիդն անցնի, հուսանք, ասում են՝ ամսի 15-ից արդեն դասերը կարող են սկսվել, ուրեմն՝ մենք էլ կարող ենք աշխատել, մենք այդտեղ կանգնելու ենք կոտրած տաշտակի առջև», - ընդգծեց Հեքեքյանը:

Կրկին դիմել են վարչապետին, սպասում են պատասխանին, այս ընթացքում էլ աշխարհը է՛լ ավելի գեղեցկացնելու մասին երգեր են պատրաստում: Սակայն սա արդեն ուրիշ պատմություն է, դեռ պետք է երգել այնպես, որ կորոնավիրուսը հեռանա: