Կորոնավիրուս բուժող մարզային հիվանդանոցները վերադառնում են նախկին գոործառույթներին

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժվող 73-ամյա Խաչիկ Ասատրյանն առավոտյան էր իմացել, որ հիվանդներին մայրաքաղաք են տեղափոխելու՝ բուժումն այնտեղ շարունակելու համար։ Տեսել էր իրենց տեղափոխելու համար բակում կայանված շտապ օգնության մեքենան ու շտապեց խնդրանքը փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

«Ես Արթիկից եկել եմ, հասել եմ էստեղ, մնացել է մի 4-5 օր դուրս գրվելու, 4-5 օրվա համար ինձի տանեն, հասցնեն 120 կիլոմետր, անտերուդուս, ընդեղ նորից թազա հիվանդությունը շարունակվի հա՞: Չի կարելի, պարոն նախարար, հաշվի առ, թե քանի պացիենտ կա ստեղ, աստիճանաբար օրական 6 հոգի որ երթան, մի 10 օր հետո լրիվ կդատարկվի: Արսեն Թորոսյա՛ն, խնդրեմ գը ուղղակի, ամսի 1-ի փոխարեն 10-ով տվեք հրամանը, թող բոլորը դուրս գրվին, էրթան իրենց տները», - ասում է նա:

Համաճարակային իրավիճակի փոքր-ինչ կայունացման արդյունքում մարզերում կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված մի քանի հիվանդանոցներն ու բաժանմունքները վերադառնում են իրենց նախկին գործառույթներին, բացառությամբ Կապանի բժշկական կենտրոնի, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Այսպիսով, այժմ Covid-ով հիվանդներին կբուժեն ութ հիվանդանոցներում, որոնցից յոթը գտնվում են Երևանում։

Հիվանդների՝ տեղափոխվելուն դեմ լինելուն Ալինա Նիկողոսյանը արձագանքեց, թե միևնույնն է՝ որտեղ էլ բուժվեն, տեսակցություններն արգելված են. - «Միևնույնն է` եթե վերջիններս գտնվեն իրենց մարզերում, իրենց ոչ հարազատներն են կարողանալու տեսնեն, որովհետև նախարարի հրամանով տեսակցությունները ևս արգելված են, սնունդը ևս հոգում է պետությունը, այսինքն` հասկանում եմ` տեղափոխությունը գուցե որոշակի անհարմություն կպատճառի, բայց կարծում եմ, որ նրանք սիրով արդեն կվերադառնան իրենց տուն»:

Այսօր մայրաքաղաքի բուժհաստատություններ կտեղափոխվեն Գյումրիի ինֆեկցիոն, Սպիտակի ու Մարտունիի հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժում ստացողները. - «3 բժշկական կենտրոններից 67 պացիենտ տեղափոխվում է Երևան»:

Covid-ով հիվանդների թիվը նվազում է, հետևաբար վերապրոֆիլավորված հիվանդանոցներն էլ թերբեռնված են, այլևս կարիք չկա մեկ ամբողջ հիվանդանոց կամ բաժանմունք պահելու: Սա նաև ֆինանսական բեռ է, ավելի խելամիտ է հիվանդներին մայրաքաղաք տեղափոխել, հավելեց խոսնակը. - «Մի ամբողջ բժշկական անձնակազմ չի կարող այսպես ասած` աշխատել մի քանի հիվանդի համար, մենք նաև պետք է հաշվի առնենք, որ այս ամբողջ ընթացքում բուժանձնակազմը ևս ծայրահեղ ծանր վիճակում է աշխատել, և այս պահին ինչու ոչ նաև բուժանձնակազմի համար է այս դադարը, եթե համարենք սա դադար: Մենք հույս ունենք, որ հետագայում դեպքերը չեն ավելանա, և ծավալումների անհրաժեշտություն չի լինի, բայց այս պահին Առողջապահության նախարարության գնահատմամբ` անհրաժեշտություն չկա, որպեսզի նման մահճակալների ծավալում լինի, և մի քանի հիվանդի համար ուղղակի ամբողջ հիվանդանոցը, կոնկրետ այս դեպքում Գյումրին, որովհետև ինքն ամբողջովին էր վերապրոֆիլավորված, չպիտի կանգ առնի և չշարունակի իր բնականոն աշխատանքը»:

Հարցին, թե ֆինանսական առումով ավելի ձեռնտու է հիվանդներին տեղափոխե՞լը, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց. - «Այո, որովհետև այս պահին մենք ըստ հիվանդների թվի ենք այդ տեղափոխություններն անում, եթե մի տեղ քիչ են հիվանդները, կարիք չկա այդ հիվանդանոցն ամբողջությամբ թողնել այսպես ասած` սպասարկի կորոնավիրուսային հիվանդությունը, այն դեպքում, երբ որ հաստատ այլ հիվանդություններ ունեցող մարդիկ ունեն տվյալ բժշկական կենտրոն դիմելու կարիք»:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով հիվանդ է 4 հազար 912 քաղաքացի։ Մոտ հազարը բուժվում են հիվանդանոցներում, մյուսները` տանը։ Վերջին մեկ օրում 31 նոր դեպք է հաստատվել, մահացել է ևս երկու մարդ, մահացությունների ընդհանուր թիվը 879 է։

Վաղվանից իր նախկին գործառույթներին վերադարձող Գյումրիի ինֆեկցոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբուտյանի խոսքով՝ իրենք կշարունակեն միայն տրիաժ ծառայություն իրականացնել. - «Տրիաժ ծառայությունը շարունակվելու է, այսինքն` մեզ մոտ` ինֆեկցիոն հիվանդանոցում այն պացիենտները, ովքեր կասկածելի եմ համարվելու, կթեստավորվեն, և եթե կունենանք դրական Covid թեստ, կտեղափոխվեն Երևան` հետագա բուժումը շարունակելու համար»:

Բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար նաև լրացուցիչ ֆինանսավորում էր ստանում: Վաղվանից կվերադառնան նախկին ֆինանսավորմանը. - «Մինչ օրս նախարարությունն է հոգացել հիվանդանոցի բոլոր ծախսերը` և դեղորայք, և աշխատավարձ, հիմա արդեն վերապլոֆիլավորվելուց հետո լինելու է նախկին ձևով, այսինքն` հիվանդանոցի ֆինանսավորումը լինելու է պառկած հիվանդների թվով»: