Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունն առաջադրվեց երկրի վարչապետի պաշտոնում: Նման որոշում է ընդունվել Լիբանանի խորհրդարանի խմբակցությունների և նախագահի միջև տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքներով:
48-ամյա Ադիբը 2013 թվականից ղեկավարում է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է:
Ադիբի թեկնածության շուրջ համաձայնության մասին հայտարարությունը հնչում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի Բեյրութ կատարելիք այցից ժամեր առաջ: Ելիսեյան պալատի ղեկավարն ուրբաթ օրը հայտարարել էր, թե միայնակ չի թողնի Լիբանանին, որտեղ քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է:
Կառավարական ճգնաժամը Լիբանանում ծագեց ավելի քան 150 մարդու կյանք խլած աղետի ֆոնին: Հազարավոր ցուցարարներ դուրս եկան փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը:
Մինչև օգոստոսի 4-ի աղետալի պայթյունը Լիբանանն արդեն գտնվում էր ծանր տնտեսական կացության մեջ, ազգային տարադրամի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ վերջին ամիսներին նվազել էր շուրջ 80 տոկոսով։ Երկրի էլեկտրական ցանցերը դադարել էին երկրի ամբողջ տարածքում 24-ժամյա անխափան էլեկտրամատակարարում ապահովել։