Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են, ցուցարարները «նվերներ» էին բերել Լուկաշենկոյին ծննդյան օրվա առթիվ

Բելառուս - Բողոքի ցույցը Անկախության պալատի մոտ, Մինսկ, 30-ը օգոստոսի, 2020թ.

Ամբողջ Բելառուսով մեկ բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարները կոչ են անում Ալեքսանդր Լուկաշենկոյին հրաժարական տալ և պահանջում են նոր, արդար ընտրություններ:

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն երեկ դարձավ 66 տարեկան: Ցուցարարները նրան «նվերներ» էին բերել՝ դդումներ, թաղման ծաղկեպսակներ, բռնապետության դագաղ և այլն:

Մինսկում Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան օրվան նվիրված բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 140 մարդ է բերման ենթարկվել: Սա երկրի ներքին գործերի նախարարության տվյալներն են:

Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կիրակի օրը մասնակցել են ակցիային իշխանափոխության և ոստիկանության բռնությունների դեմ ուղղված կարգախոսների ներքո: Կենտրոնական փողոցներում նրանց դիմավորել են իրավապահ մարմինների աշխատակիցների ուժեղացված շղթաները՝ ջրցան մեքենաներով և զրահամեքենաներով:

Դիմակայության կենտրոններից մեկը Անկախության պալատի հարևանությամբ գտնվող հրապարակն էր: Անկախության պալատում, ըստ նախագահի մամուլի ծառայության, Լուկաշենկոն այդ ժամանակ աշխատում էր: Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հրապարակել է նրա լուսանկարը՝ ինքնաձիգը ձեռքին շենքի շքամուտքի դիմաց:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ է հանդիպել նախագահի օգնական Նիկոլայ Լատիշենոկը: Պատասխանելով հարցերին՝ նա ասել է, որ Լուկաշենկոն չի ճանաչում իր հակառակորդների կողմից ստեղծված Համակարգող խորհուրդը և մտադիր չէ բանակցել դրա հետ, բայց պատրաստ է երկխոսության «այլ նախաձեռնող խմբերի» հետ:

Մինչդեռ իշխանության փոխանցման պահանջով ստեղծված Համակարգող խորհուրդը կրկին բանակցելու կոչ է արել Լուկաշենկոյին: