Փորձագետ․ Քաղաքացին իր խնդրով մենակ է մնում անվտանգության պատասխանատու ընկերության հետ

Բաբկեն Պիպոյան

«Հայաստանում ամենաիրազեկ մարդն անգամ ապահովագրված չէ գազի պայթյունի զոհ դառնալուց», - կարծում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանը։

«Ստեղծված է մի մոդել, որտեղ քաղաքացին իր խնդրով մենակ է մնում անվտանգության պատասխանատու ընկերության հետ, ոլորտը համակարգված չէ, տուգանքներով հարցը չի լուծվում», - ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը։ - «Ունենք գազ սպասարկող կազմակերպություն, որը ըստ էության պարտավորվում է որոշակի գործառույթներ իրականացնել: Մեր պետությունը ֆունկցիոնալ բաշխել է և միջանկյալ օղակ է ստեղծել` լիազորությունը տալով համապատասխան ընկերությանը: Այդուհանդերձ, պետական միջամտություն այս առումով չունենք, մասնավոր ընկերությանն ենք լիազորել, գործառույթի տեղափոխում ենք արել և մնացել ենք դուրս: Հիմա եթե մենք որևէ մոդել չներդնենք, բնականաբար հույսներս դնելու ենք սպառողի, սպառողի իրավագիտակցության վրա: Այդտեղ համակարգային խնդիր կա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության երեկվա նիստում անդրադառնալով Երևանի բնակելի շենքերից մեկում օրերս տեղի ունեցած գազի պայթյունին` ասաց, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում: Նա հորդորեց առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվել բնական գազի շահագործման կանոններին:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում օրերս գազի պայթյունից շենքի մի ողջ մուտք էր մասնակի փլուզվել: Բնակիչները տարհանվել են, 12 բնակարան ավերվել է, կա մեկ զոհ, երկու բնակիչ հոսպիտալացված է։

Տարիներ առաջ «AEG Service» ընկերությանը վստահվեց Հայաստանում գազաբաշխիչ համակարգերի և գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում իրականացնել։ Մամուլը գրել էր, թե սա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի բիզնեսն է։ Օրվա ընթացքում մեր բոլոր զանգերն այս ընկերություն մնացին առանց արձագանքի։

Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ բնական գազ սպառողների տներում տեղադրված սարքերը, որոնք գազի արտահոսքի դեպքում ազդանշան են տալիս, բավարար չէ այսպիսի դժբախտություններից խուսափելու համար.- «Այդտեղ իսկապես մեծածավալ աշխատանք է պետք իրականացնել: Այսինքն` հասկանանք. իրազեկեցինք, գնացինք, ասեցինք` աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Օրինակ, նույն սարքերը, որոնք ազդանշան են տալու, որ մենք ունենք բնակարաններում: Այդ սարքերի ստուգման համակարգ կարելի՞ է ներդնել, որ, օրինակ, եթե մարդը տանը դա անջատի հոսանքի աղբյուրից, ավտոմատ կերպով կայանը ծանուցվի, որ էս մի սարքը չի աշխատում: Թիրախավորված գնանք էդ բնակարան, հասկանանք ինչու է անջատել... Ինչի՞ համար են համապատասխան գերատեսչությունները, որոնք կարգավորում են հանրային ծառայությունների ոլորտը: Որպեսզի մշակեն մոդելներ, որոնք ապահովեն, երաշխավորեն մարդու անվտանգությունն ու ծառայության որակը»:

Երկու օր առաջ տեղի ունեցած պայթյունի հանգամանքներ պարզելու համար հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ ասելիք չունեն:

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, նախորդ տարվա ընթացքում բնական գազի արտահոսքի պատճառով 15 պայթյում է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ: Իսկ մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 25-ը եղել է 6 դեպք, մահացել է մեկ մարդ: