«Ահավոր վիճակ ա, ի՞նչ, հենա հողը թափում է, երեխեքը վախենում են, ասում են` շուտ հավաքենք, դուրս գանք, որ հանկարծ փուլ չգա գլխներիս», - ասում է Ռայնիսի փլուզված շենքի բնակիչ Բորիկ Ավետիսյանը:
Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից հետո՝ այսօր, տուժած բնակիչները Արտակարգ իրավիճակների նախարարության օգնությամբ ավերված տների պատուհաններից փորձում էին դուրս հանել իրենց իրերը։ Առաջին հարկի բնակիչ Բորիկ Ավետիսյանը որդու ընկերների օգնությամբ շենքի մի անկյունում տեղավորում էր փրկված իրերը` աթոռ, սեղան, գրքեր, ինչ հասցնեն ու ստացվի դուրս հանել. - «Ինչ-որ հասցնեն, էնտեղ լցնում են, լուսամուտից ինչ դուրս գա, հանում են, երեխեքին կանչել ենք, օգնում ենք: Հիմա էնտեղ կռեսլո, շկաֆ ա, բան ա, եթե հնարավոր ա հանել, կհանեն, եթե չէ, չէ, ասին` պիտի մնա, մինչև էն կողմը ստուգեն, եթե վտանգավոր չի, նոր թույլ տան, էն կողմից հանենք»:
Երեկ այս շենքում ուժգին պայթյունի հետևանքով շենքը մասնակի փլուզվեց։ Թե ինչն է պատճառը, առայժմ հստակ չէ, ըստ հիմնական վարկածի՝ գազի արտահոսք է եղել։ Արդյ՞ք պայթյունը անսարքության, թե դիտավորության հետևանք է, ԱԻՆ-ը դեռևս հստակ տեղեկություն չի փոխանցում. - «Հետաքննությունը կպարզի, նախնական վարկածով գազի պայթյունից է եղել»։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 279-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ հարցաքննվում են շենքի բնակիչները։
Պայթյունի պատճառով շենքի առաջին շքամուտքի պատշգամբային հատվածն ամբողջովին փլուզվել էր, մեկ մարդ մահացել էր, ևս երկուսը այժմ հիվանդանոցում են, նրանցից 71-ամյա կնոջ վիճակը միջին ծանրության է, 41-ամյա տղամարդունը՝ ծայրահեղ ծանր։ Վերջինիս հիվանդանոց էր տեղափոխել շտապօգնության բժիշկ Նիկո Արզումանյանը, ով ինչպես երեկ, այսօր ևս հերթապահում էր փլուզված շենքի մոտ. - «Մոտ 20 կամ 21 հոգու իջեցրել են այդ վերամբարձ կռունկով: Վախեցած էին իրենք հիմնականում, իսկ էտ վիրավորին, որ տեղափոխել ենք, ինքը փառք Աստծո, գիտակից էր, բայց մարմնի 100 տոկոս այրվածք ուներ, երևի 2-րդ աստիճան»:
Փլուզումից հետո շենքի տարածքից բնակիչները տարհանվել են։ Ոմանք այժմ հյուրանոցում են, ոմանք էլ` հարազատների տանը։ Նրանց բնակարանով ապահովելու խնդիրը քննարկման փուլում է, «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը. - «Դա համարվում է առաջնահերթ հարցերից մեկը, վստահաբար կարող եմ ասել, որ կառավարության կողմից այդ քայլերը ձեռնարկվում են»:
Երևանյան շենքի պայթյունը քննարկվեց նաև կառավարության նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց` Հայաստանում բնական գազի արտահոսքի պատճառով պայթյունների դեպքերի շարք է արձանագրվում:
«Գազի պայթյունից ըստ էության ավերվեց մի ամբողջ շքամուտք` 12 բնակարաններով, և պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման, անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։ Իհարկե, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքերը, բայց այնուամենայնիվ ևս մեկ անգամ ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին», - ասաց Փաշինյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին 2019-ին բնական գազի արտահոսքի պատճառով 15 պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ, 2020-ի մինչև օգոստոսի 25-ը եղել է 6, մահացել` 1 հոգի։ Այս վիճակագրության մեջ ներառված չէ երեկվա դեպքը, քանի դեռ պատճառն ամբողջությամբ պարզ չէ: