Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնական Անկախության հրապարակից առնվազն երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել՝ ոստիկանների բնորոշմամբ «քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված ցույցին» մասնակցելու համար։
18-րդ օրն անընդմեջ այստեղ էին հավաքվել Մինսկի հարյուրավոր բնակիչներ՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները։
Բելառուսական անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցարարների մի մասին ոստիկանությունը արգելափակել է Մինսկի կենտրոնում գտնվող կաթոլիկական խոշորագույն եկեղեցում՝ «Կարմիր կոստյոլում»։ Բելառուսի կաթոլիկ եկեղեցին ոստիկանության գործողությունների առթիվ արդեն իսկ պաշտոնական բողոք է հայտնել։
Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Լեհաստանի հետ սահմանին գտնվող Բրեստ մարզային կենտրոնում։ Ականատեսների վկայությամբ՝ այս հավաքի մասնակիցներից մի քանիսը ևս բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք։