Երևանի Ռայնիսի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ժամը 13:01 փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, 58-ամյա Արթուր Ղ․-ի դին։
Հիշեցնենք, ևս երկու մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության:
Պայթյունի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է վաղ առավոտյան, ըստ այդ ահազանգի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:
Դեպքի վայր են մեկնել մի քանի տասնյակ փրկարարներ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
Դեպքի վայրում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը լրագրողների հետ զրույցում հաստատեց մահացած տղամարդու դին փլատակներից դուրս բերելու փաստը:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Տե՛ս նաև այստեղ