Սոցիալական ծառայությունները պարտավոր են խոշորացույցի տակ պահել խնդրահարույց ընտանիքներին՝ երեխաներին բռնությունից, կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից զերծ պահելու համար, ասում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:
Մուրադյանը մատնացույց է անում վերջերս խաշթառակցի 7 երեխաների հետ տեղի ունեցած դաժան բռնության դեպքը. երեխաները, ըստ Քննչական կոմիտեի, ընտանիքում պարբերաբար ծեծի են ենթարկվել, պապն էլ իր հանգիստը խանգարելու պատճառով այնպես է ծեծել վեցամյա թոռանը, որ երեխան հայտնվել է անգիտակից վիճակում։
Պապը կալանավորված է, յոթ երեխաներից հինգի մորը կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ 28-ամյա կինը, ըստ իրավապահների, նույնպես պարբերաբար ծեծել է իր և եղբոր երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք:
«Խնդրահարույց դեպքերի վաղ շրջանում հայտնաբերման ու կանխարգելելու համար շատ կարևոր է համայնքային սոցիալական աշխատողի ծառայությունը: Ո՞վ է համայնքային սոցիալական աշխատողը: Դա համայնքի, ՏԻՄ-կ հաստիք է, մասնագետ է, ով աշխատում է խնդրահարույց սոցիալական դեպքերի հետ, լուծումներ է տալիս խնդիրների սկզբանական փուլում, երբ որ դրանք դեռ չեն խորացել: Կոնկրետ այս դեպքում համայնքը չունի համայնքային սոցիալական աշխատող: Ես կարծում եմ, որ խնդիրը գուցեև այսքան չխորանար և ավելի վաղ շրջանում հնարավոր լիներ կանխել, եթե համայնքային սոցիալական աշխատող ունենար համայնքը և ավելի ինտենսիվ աշխատանք իրականացվեր ընտանիքի հետ»:
Աիդա Մուրադյանի խոսքով, բռնության նկատմամբ հանդուրժողականությունն է նաև պատճառը, որ ծնում է նման դեպքեր. – «Շատ մարդիկ ասում են, որ հաճախ տեսնում են երեխաներին կապտուկով, կամ արյուն էին տեսնում դեմքի վրա և երբևէ դրա մասին հաղորդում չեն ներկայացրել»:
Մուրադյանի փոխանցմամբ, երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերն աճում են, ֆիզիկական բռնությունը 40 տոկոս է կազմում։ Ասում է՝ վերջին մեկ ամսվա հարցումները ցույց են տալիս, որ ծնողները գոնե մեկ անգամ ֆիզիկական բռնություն են կիրառել իրենց երեխաների նկատմամբ. – «Սա նշանակում է, որ դաստիարակության մեջ բռնությունը որպես մեթոդ, պատիժը որպես մեթոդ կիրառելը դեռևս մեզ համար ընդունելի է։ Եվ սա նաև, սոցիալական նորմերի տեսանկյունից եթե նայենք, շարունակում է ընդունելի լինել: Որովհետև մենք տեսնում ենք, որ երբեմն բռնության մասին ո'չ հարևանները, ո'չ բարեկամները, ո'չ դպրոցը` մարդիկ, ովքեր տեղյակ են լինում, որ այս երեխայի նկատմամբ բռնություն կա, դրա մասին չեն հաղորդում»:
Խաշթառակցի երեխաների հետ տեղի ունեցածը և նման դեպքերը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են։ Այսօր օմբուդսմեն Արման Թաթոյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ուսումնասիրում են՝ պարզելու տեղի ունեցածի խորքային պատճառները. – «Մենք երեխային պետք է սովորենք դիտարկել որպես իրավունքներ կրող մարդ, սուբյեկտ, իրավատեր մարդ, ով ունի իր իրավունքները, և դրանք պետք է պաշտպանվեն: Երեխան ունի իր արժանապատվությունը: Ցավոք սրտի, Ձեր նշած դեպքում մենք տեսանք որքան մտահոգիչ էր այդ միջադեպը երեխաների իրավունքների տեսանկյունից: Մեզ մոտ, բնականաբար, իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Թե' քրեական վարույթ իրականացնող մարմնին մենք ունենք հարցադրումներ, թե' նաև ուսումնասիրություններ ենք արել, որոնք ուղղված են խորքային պատճառները պարզելուն»:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը պատմում է, որ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ բազմաթիվ զանգեր են ստանում, և դրանց թիվը վերջին ամիսներին աճել է։ Իսկ այդ ընտանիքներում խոցելի են նաև երեխաները. – «Ես բավական ցածր եմ գնահատում պետության տեղեկատվական և կրթական գործառույթը հասարականությանն ուղղված, որովհետև ցանկացած իրավական նորմ, ցանկացած խնդիր, որը առկա է հասարակության մեջ և պետք է հստակորեն լուծում ստանա, և թե' իրավապահ համակարգը պիտի դրան լծվի, թե' հասարակական կազմակերպությունները, թե' տեղեկատվական դաշտը, այդ ամբողջ կոորդինացիոն աշխատանքը շատ վատ է կատարվում: Հատկապես տեղեկատվական դաշտում պետությունը լրջագույն բացթողումներ ունի»:
Հովհաննիսյանը նկատում է՝ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը աճելու միտում ունեն նաև համավարակի պատճառով. – «Լարվածությունը ընտանիքներում, երբ, առաջին հերթին, բոլորը հայտնվել են տանը` սկսած արտագնա աշխատանքով զբաղվող ծնողներից, իրենց իսկ տարածքում աշխատանք ունեցող, բայց աշխատանքը կորցրած ծնողներից, վերջացրած կրթական բոլոր հաստատությունների փակված լինելու հանգամանքով: Երբ բոլորը տանն են, և երեխաները ինքնին որևէ զբաղվածություն, ստացիոնար զբաղվածություն չունեն: Ծնողը ինչ-որ տեղ պարտավոր է ամբողջովին կառուցել նրա օրվա գրաֆիկը` սկսած կրթական գործընթացից, վերջացրած նրա հանգիստը ապահովելու և նրա ժամանցը ապահովելու իրավիճակը... Մենք կարող ենք դիտարկել, որ դա ևս լարվածություն է ավելացնում ընտանիքների ներսում, որովհետև փակված են այս պահին անգամ այն հաստատությունները, որոնք բարեգործական հիմունքներով կարող էին երեխաների զբաղվածությունը ապահովել: Օրինակ` մշակութային կենտրոնները կամ ալտերնատիվ կրթություն տվող հաստատությունները»: