Հանրապետական կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց Դոնալդ Թրամփին

Նոյեմբերին կայանալիք ընտրություններից չորս ամիս առաջ` երեկ հանրապետականները վերստին առաջադրեցին Դոնալդ Թրամփի թեկնածությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:

«Եվս չորս տարի, ևս չորս տարի», - վանկարկում էին կուսակցության ներկայացուցիչները Հյուսիսային Կարոլինայում մեկնարկած համագումարում`մեկը մյուսի հետևից ներկայացնելով 74-ամյա Թրամփի հաջողություններն ու ձեռքբերումները:

Ի սկզբանե կուսակցությունը հայտարարել էր, թե կենտրոնանալու են լուսավորի, խոստումնալից ապագայի ու ոգեշնչող հաջողությունների վրա` ի տարբերություն մրցակից դեմոկատների, որոնք, ինչպես իրենք էին բնորոշել, անցած շաբաթվա համագումարում միայն հոռետեսական ու մռայլ ուղերձներ էին հղել:

Համագումարի առաջին օրվա կարգախոսն էր` «Հույսի երկիր», ինչպես առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր բնորոշել հարյուրամյակներ առաջ: Չնայած դրան, ելույթ ունեցողները մեկը մյուսի հետևից նկարագրում էին, թե ինչ աղետներ ու պատուհասներ են սպասում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում:

Ֆլորիդայից ընտրված կոնգրեսական Մեթ Գաեցը առանց այլաբանությունների, ուղիղ տեքստով զգուշացրեց` դեմոկրատների հաղթանակը իսկական սարսափ ֆիլմ է հիշեցնելու. – «Նրանք զինաթափելու են ձեզ, դատարկելու են բանտերը, փակելու են ձեզ ձեր տանը և ձեր կողքին բնակեցնելու են զինված հանցագործների: Մենք պետք է պայքարենք այսօր և այստեղ Ամերիկան փրկելու, կամ հավիտյանս հավիտենից այն կորցնելու համար:

Է'լ ավելի դրամատիկ էր նախագահի ավագ որդու ելույթը: Հոր բացառիկ հաջողություններն ու ձեռքբերումները թվարկելուց հետո Դոնալդ Թրամփ կրտսերը նրա մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին անվանեց «չինական Բայդեն», հետո էլ համեմատեց կելտական լեգենդների հերոս Լոխ Նեսի հրեշի հետ` պնդելով, թե նա մեկ հայտնվում է, մեկ անհետանում`այդպես էլ որևէ օգուտ չտալով հասարակությանը. – «Առաջիկա ընտրություններում որոշվելու է մեր եկեղեցու, աշխատանքի ու դպրոցների ապագան`ընդդեմ փողոցային անկարգությունների, հանցագործությունների ու վանդալիզմի, որը Բայդենն ու դեմոկրատները խաղաղ ցույցեր են որակում»:

Ելույթներում կարմիր թելով անցնող մյուս թեման վարչակազմի պայքարն էր կորոնավիրուսի համաճարակի դեմ: Ամերիկան վիրուսից ամենաշատը տուժած երկիրն է աշխարհում. մինչև օրս վարակվել է մոտ վեց միլիոն մարդ, ավելի քան 180 հազար ամերիկացի մահացել է, տնտեսությունը անցած եռամսյակում երեսուներեք տոկոսի անկում է գրանցել, գործազրկությունը հասել է աննախադեպ բարձր ցուցանիշների: Չնայած դրան, հանրապետականները պնդում էին, որ Սպիտակ տան ղեկավարն անթերի է գործել:

«Նախագահը արագ անցավ գործի և դադարեցրեց թռիչքները դեպի Չինաստան: Մինչդեռ Ջո Բայդենն ու նրա համախոհ դեմոկրատներն իմ հորը ռասիստ ու այլատյաց էին որակում դրա համար: Նրանք Ամերիկայի ժողովրդի անվտանգությունից ու առողջությունից առավել քաղաքական կոռեկտությունն են կարևորում», - հայտարարեց Թրամփի որդին:

Նախագահին գովաբանող ելույթները դեռ չէին ավարտվել, երբ անակնկալ համագումարում հայտնվեց ինքը Դոնալդ Թրամփը: Որպես կանոն, նախագահության թեկնածուները ելույթ են ունենում միայն համագումարի վերջին օրը և ներկայացնում են, թե ինչ ճանապարհով են տանելու երկիրը հաղթանակիդեպքում: Բազմաթիվ տաբուներ ու ավանդույթներ շրջացած Թրամփը, սակայն, նորամուծություն էր մտցրել նաև այս հարցում. Քառօրա համագումարում ամեն երեկո նա հանդես կգա ելույթով, ընթացքում էլ կդիմի նախօրոք Սպիտակ տանը տեսագրված ուղերձներին: Երեկ ցուցադրված տեսանյութերից մեկում, օրինակ, նա հանդիպել էր մի խումբ ամերիկացիների, որոնք այլ երկրներում գերությունից կամ բանտերից ազատ էին արձակվել ու հայրենիք վերադարձել նրա վարչակազմի օրոք:

«Դուք աննախադեպ քայլերի դիմեցիք իմ ազատ արձակման համար: Եթե դուք դա չանեիք, ես մինչ օրս կլինեի Թուրքիայում», - դիմելով Թրամփին, ասում էր պաստոր Էնդրյու Բրանսոնը, ով կալանավորվել էր Թուքրիայում լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Նախագահ Թրամփն այն ժամանակ պնդել էր, թե հիսնամյա պաստորը ազնիվ քրիստոնյա է, նրա դեմ գործը` սարքված, ինչից հետո Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ:

Երեկ, սակայն, հիշելով այդ օրերը, Սպիտակ տամ ղեկավարը գովեստով խոսեց իր իսկ խոսքով «անմեղ մարդուն» ազատազրկած երկրի ու նրա առաջնորդի` Թուրքիայի նախագահի մասին. - «Նրանք քեզ սպառնում էին 28 տարով ազատազկել, ճիշտ է՞...շատ ծանր պատիժ էին սահմանել, սակայն, մենք քեզ կարողացանք ետ բերել: Եվ ես պիտի ասեմ, որ իմ կարծիքով, նախագահ Էրդողանը շատ լավն է: Ես գիտեմ, որ դու շատ անմեղ մարդ ես, և մեր մի քանի զրույցներից հետո Էրդողանը համաձայնեց: Այնպես որ, մենք գնահատում ենք դա և գնահատում ենք Թուրքիայի ժողովրդին»:

Խոսելով առաջիկա ընտրություններին մասին` Թրամփը վերստին պնդեց, թե ինքը կարող է պարտվել միայն մեկ դեպքում` եթե դեմոկրատները կեղծեն քվեարկությունը, որը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կազմակերպվելու է փոստային ծառայության միջոցով:

«Նրանք ուզում են համաճարակի անվան տան գողանալ մեր հաղթանակը, այնպես որ, դուք պետք է շատ զգույշ և ուշադիր լինեք», - զգուշացրեց գործող նախագահը կուսակիցներին`առանց բացատրելու, թե ինչի վրա են հիմնված իր այդ ենթադրությունները:

Սոցոլոգիական հարցումների համաձայն, եթե ընտրություններն այսօր անցկացվեին, դեմոկրատ Բայդենը Թրամփից 8-10 տոկոսով առաջ կանցներ: