Մարդու իրավունքների պաշտպանը դեմ է քվեարկել Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին։
«Ազատության» հարցման ի պատասխան՝ Արման Թաթոյանը տեղեկացրեց. - «Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման հայեցակարգը ենթադրում է հիմնարար փոփոխություններ դատական իշխանության համակարգում, 1995 թվականից ի վեր գործող համակարգի սկզբունքային վերափոխում: Դա նշանակում է ոչ միայն այդ դատական ատյանների կառուցվածքային, այլ նաև գործառույթների միավորում՝ դատական համակարգի բոլոր օղակների վրա ունենալիք անխուսափելի սկզբունքային ազդեցությամբ: Այս ամենն ուղղակի ազդելու է նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վրա՝ թե՛ անհատական, թե՛ համակարգային մակարդակում»:
«Դատական իշխանության համակարգում, իհարկե, առկա են տարիներով կուտակված, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ: Սակայն սահմանադրական մակարդակում նման հիմնարար փոփոխությունները պահանջում են իրավական հիմնավորումների բարձր աստիճան, որոնք ունեն նաև անհրաժեշտ դետալացում, հիմնված են միջազգային չափանիշների ու փորձի, ինչպես մեր երկրի, այնպես էլ այլ երկրների քաղած դասերի վրա, իսկ բերվող հիմնավորումները հաշվի են առնում բոլոր հնարավոր ռիսկերը», - ընդգծեց օմբուդսմենը՝ կարծիք հայտնելով, որ այս պահին ներկայացված հայեցակարգը չի բավարարում նոր լուծումների հիմնավորման նշված չափանիշներին, ուստի դեմ է քվեարկել:
Հիշեցնենք՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու և փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաև հանրային քննարկման: