Կարմիր խաչն արդեն զբաղվում է Ադրբեջանում հայտնված հայ սպայի գործով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) արդեն զբաղվում է Ադրբեջանում երեկ հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի գործով: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, այդ հարցով կոմիտեն արդեն երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ։

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը երեկ տեղեկացրեց, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Թե շփման կոնկրետ որ հատվածում է դեպքը տեղի ունեցել, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը չի մանրամասնում։ Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին` առավոտյան 05.45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը մինչդեռ պնդում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: