Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում շարունակվում է անցած հինգշաբթի օրը կոմայի մեջ հայտնված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բուժումը:
Գերմանացի բժիշկների առաջին հայտարարությունը նրա վիճակի վերաբերյալ կարող է լինել այսօր:
Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարարության՝ Նավալնին Գերմանիա է տեղափոխվել «կանցլերի հյուրի» կարգավիճակում, ինչը թույլ է տալիս նրան ապահովել անվտանգության ուժեղացված ծառայությամբ: Հիվանդանոցը, որտեղ ռուսաստանցի ընդդիմադիրը բուժում է ստանում, շրջապատված է անվտանգության ուժերով:
Կրեմլի խիստ քննադատ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր հիմգշաբթի առավոտյան՝ Տոմսկից Մոսկվա թռչող օդանավում։ Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ 44-ամյա Նավալնիին անգիտակից վիճակում հոսպիտալացրել էին։ Շաբաթ առավոտյան նրան հատուկ օդանավով տեղափոխեցին Գերմանիա: