Մինսկում տեղի ունեցավ Բելառուսի պատմության մեջ ամենամեծ ցույցերից մեկը

Բելառուս - Ցուցարարները երթ են անցկացնում Մինսկի պողոտայով, 23-ը օգոստոսի, 2020թ.

Երեկ Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի պատմության մեջ ամենամեծ ցույցերից մեկը:

Նախագահական ընտրություններից երկու շաբաթ անց, ըստ տարբեր գնահատականների, մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել են շուրջ քառորդ դար երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի հարյուր հազարավոր հակառակորդներ: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ չնայած Լուկաշենկոյի և պաշտպանության նախարարության սպառնալիքներին: Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ կարգուկանոնը խախտելու դեպքում ցուցարարները գործ կունենան բանակի հետ, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով երեկոյան ժամանել է Մինսկի իր նստավայր, ուղղաթիռից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին: Ցույցը, ինչպես հաղորդել է ներքին գործերի նախարարությունը, ավարտվել է առանց բախման անվտանգության ուժերի հետ, որոնք շրջապատել էին հրապարակներ ու շենքեր:

Բելառուսում գտել են տղամարդու դին, ով օգոստոսի 12-ի բողոքի ցույցերից հետո անհետ կորել էր: Այս մասին հաղորդել է «Նաշա Նիվա»-ն: Ըստ հրապարակման, Նիկիտա Կրիվցովին Մինսկի մերձակա անտառում կախված են գտել: «Հրեշտակ» որոնողա-փրկարարական խումբը հաստատում է այս տեղեկատվությունը, սակայն չի նշում մահվան հանգամանքները: Իշխանությունների կողմից դեռևս պաշտոնական հաստատում չկա: «Նաշա Նիվա»-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում 28-ամյա Կրիվցովը դրոշը ձեռքին բողոքի ակցիայի է մասնակցում: