Բելառուսում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է չորս մարդ, ևս ութ հոգու ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Լիզ Թրոսելի պաշտոնական հայտարարությունում:
ՄԱԿ-ը շեշտում է, որ թեև ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծամասնությունն ազատ է արձակվել, սակայն 100 հոգի շարունակում է մնալ ճաղերի ետևում, նրանց մեծ մասին սպառնում է քրեական պատասխանատվություն և ազատազրկում:
«Շարունակում են տեղեկություններ ի հայտ գալ ձերբակալվածների նկատմամբ լայնածավալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին՝ այդ թվում լրագրողների և հատկապես երեխաների», - նաև ասվում է ՄԱԿ-ի հանձնակատարի հայտարարությունում:
Օգոստոսի 9-11-ը Բելառուսում տեղի ունեցած խաղաղ ցույցերը ուժայինները ցրել են աննախադեպ կոշտ միջոցներով. Ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաստատվել է երկու ցուցարարի մահ, ևս մեկը մահացել է ձերբակալվելուց մեկ օր անց: Իրավապաշտպանները հայտնում են ընդհանուր առմամբ հինգ զոհի մասին: