«Սարտոն» ֆաբրիկայի սեփականատիրոջ համար անհասկանալի է՝ ինչու են իրենց մոտ Covid-19-ի մեծ թվեր գրանցվել

Կարի արտադրամաս Հայաստանում, արխիվ

Այս շաբաթ Լոռու մարզում ամենաշատ թվով կորոնավիրուսի դեպքեր ունեցած «Սարտոն» կարի ֆաբրիկայի սեփականատեր Ռոբերտ Ղուբաթյանն «Ազատությանն» ասաց՝ հետևում են հակահամաճարակային բոլոր կանոններին, և իր համար անհասկանալի է, թե ինչու են այդքան մեծ թվեր գրանցվել։

Երեկ կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ Լոռու տարբեր հիմնարկներում և արտադրական ձեռնարկություններում պատահականության սկզբունքով մասսայական թեստեր են արվել՝ պարզելու վարակվածության աստիճանը։

Արդյունքներն անհանգստացնող են եղել հատկապես Վանաձորի երկու կարի ֆաբրիկաներում։ «Գլորիա»-ում արված թեստերի 17, իսկ «Սարոտն»-ում՝ 25 տոկոսը դրական է եղել։ Մինչդեռ մարզի ևս 4 տնտեսվարողների մոտ՝ վարակակիրներ չեն հայտնաբերվել։ Մասնավորապես՝ Տաշիրի կարի ֆաբրիկայում արված բոլոր 50 թեստի արդյունքը բացասական է եղել։ Վարակակիրներ չեն հայտնաբերվել նաև Սպիտակի «Հայփոստ»-ում, Վանաձորի բժշկական կենտրոնում և «Դիետ» կաթնամթերքի արտադրամասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմիններին հանձնարարեց ավելի հետևողական լինել այս հարցում։ «Տեսչական մարմինն այդ երկու տեքստիլ ընկերություններով թող զբաղվի, որովհետև դա արդեն նշանակում է՝ քրոնիկ բնույթ են կրում, որովհետև նախորդ ճգնաժամից հետո եթե էլի այդ իրավիճակը կա, սա արդեն մեծ պրոբլեմ է», - նշեց վարչապետը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին. - «Ամենայն հավանականությամբ այդ վարակակիրները, որոնք հայտնվում են տեքստիլ արդյունաբերության ոլորտում, շատ հնարավոր է, որ դրսից է բերվում»:

«Բայց ստուգման արդյունքը այդ չի ցույց տալիս, եթե բոլոր տեղերը ստուգում են՝ զրո է, իրանց մոտ 50 է, դա նշանակում է՝ իրենք են օջախը», - նշեց Փաշինյանը:

Երեկ «Սարտոն» կարի ֆաբրիկայում մեզ չթույլատրեցին ներս մտնել։ Այսօր ֆաբրիկայի սեփականատերը վստահեցրեց, թե առաջիկայում հնարավորություն կընձեռնի լրագրողների համար՝ լինելու ֆաբրիկայում։ Հեռախոսով պնդեց, թե բոլոր 350 աշխատողներն օրական մի քանի անգամ ջերմաչափվում են, և որ չի եղել դեպք, որ ջերմություն ունեցող աշխատողը մնա աշխատատեղում։ Տուն են ուղարկում, ասում է Ղուբաթյանը։

«Հանրապետությունում ամենաուշը մեզ մոտ է այդ վարակի բանը առաջացել, մեզ մոտ վարակ ընդհանուր առմամբ չի եղել», - ասաց ֆաբրիկայի սեփականատեր Ռոբերտ Ղուբաթյանը:

Սոցիալական ցանցերում գրառումներ են լինում այն մասին, որ կարի ֆաբրիկաներում հարկադրում են աշխատանքի ներկայանալ թեթև ախտանշանների դեպքում։ Անգամ նշում են, թե աշխատակիցները ջերմիջեցնող դեղորայք են խմում ջերմությունը թաքցնելու համար։ Ռոբերտ Ղուբաթյանը բացառեց իրենց հարկադրանքը՝ պնդելով, թե հարկադիր պարապուրդի համար բոլոր աշխատակիցները վճարվել են։

«Ես արդեն 75 տարեկան եմ, 50 տարի այդ ձեռնարկությունում եմ աշխատել, ինչի՞ մասին է խոսքը: Ղեկավարն այնքան հիմար չի, որ հանկարծ աշխատողին ասի՝ դեղ խմի», - նշեց սեփականատերը:

Դեռ հունիսին, երբ Վանաձորում 14 օրով փակվեց 2700 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկան, դադարեցվեց նաև «Սարտոն»-ի աշխատանքը։ Ինքնամեկուսացվեցին բոլոր 350 աշխատողները։ Ռոբերտ Ղուբաթյանն ասում է՝ այդ ժամանակ իրենց ֆաբրիկայում հայտնաբերվել էր 13 վարակակիր։ Մինչդեռ այս շաբաթ իրենց մոտ հայտնաբերված 50 նոր դեպքերի մեջ կա երկու հիվանդ, որոնք նախկինում արդեն հիվանդացել էին։

Ֆաբրիկայի սեփականատիրոջ համար սա տարակուսելի է. «Երկու հոգի, որ վարակվել առողջացել են, նորից վարակվել են: Ես չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ, չեմ կարող, պատասխան չունեմ ես դրան»:

Մինչև այսօր Լոռիում կորոնավիրուսով վարակվել է 2034 մարդ։ Երեկվա թեստերի արդյունքներով հայտնաբերվել է 74 նոր դեպք։ Առողջացել է 21 մարդ։ Այս պահին հիվանդ է 118 մարդ, որից 61-ը հիվանդանոցներում է բուժում ստանում։

Ձեռնարկությունների ղեկավարները կարծիք ունեն, թե արտադրամասերում, ըստ էության, անհնար է խուսափել վարակից։ Երեկ «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրության տնօրեն Հասմիկ Ջուլհակյանն «Ազատությանն» ասել էր, որ իրենց 2700 աշխատակիցների հիմնական մասը վարակվել ու առողջացել են։