Սեյրան Օհանյան. Ապրիլյան պատերազմում ռազմավարական առումով կորուստներ չենք ունեցել

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը զրուցում է «Ազատության» հետ, արխիվ

Երկու օր առաջ ասուլիսի ժամանակ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանագամնքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ թիվ է հրապարակել՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երկու տասնյակ դիրքեր է կորցրել: Հերքելով հանդերձ՝ նախկին նախագահը կոնկրետ տեղեկատվություն չտրամադրեց կորցրած դիրքերի քանակի մասին:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ճիշտ չի համարում տվյալների հրապարակումը քննիչ հանձնաժողովի կողմից: Հայաստանի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը հարցազրույց է տվել «Ազատությանը», որը ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». – Պարոն Օհանյան, քննիչ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել էր, որ Ապրիլյան պատերազմում հայկական կողմը երկու տասնյակ դիրքեր է կորցրել, և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ դա ճիշտ չէ, ամեն դեպքում, նա չհրապարակեց, թե որքան դիրքեր ենք կորցրել: Ձե՞ր գնահատականը որն է, Դուք համաձա՞յն եք, որ մենք երկու տասնյակ դիրքեր ենք կորցրել, և նաև մարտավարական նշանակություն ունեցող դիրքեր:

Սեյրան Օհանյան. – Գիտե՞ք, ռազմավարական առումով մենք կորուստներ չենք ունեցել: Նույնիսկ շրջանառության մեջ դրված այն դեպքը, որ ասում են՝ այդ Լալա Իլագին, կարևորագույն դիրք Արցախի հարավարևելյան ուղղությամբ, էդ Լալա Իլագի՝ ադրբեջանցիները ասում են Լալա Թափա, բարձունքը իրենից ոչ մի, ռազմավարական նշանակություն չունեցող բարձունք չէ, և նաև մանավանդ գյուղատնտեսական առումով օգտագործման համար մեր բարձունքները և մեր դիրքերի դասավորվածությունն այսօր ամուր է:

Մարտավարական առումով, թե ինչ է նշանակում ընդհանուր առմամբ դիրք, ջոկի դիրք, ինչ է նշանակում առաջին դիրք, երկրորդ դիրք, և մանավանդ քանակական տվյալների քննարկումները հրապարակային ես գտնում եմ, որ չափազանց սխալ է, և դրա տնօրինությունը միայն Պաշտպանության նախարարությունն է, և Պաշտպանության նախարարությունը կարող է դրա պատասխանը տալ: Մանավանդ, երբ, ասենք, էդ քննիչ հանձնաժողովը դեռևս իր աշխատանքները ավարտելու, էսպես, պահին է և պետք է ներկայացնի հանրությանը:

Եվ, ընդհանուր առմամբ, ես գտնում եմ՝ բանակի և բանակի գործողությունների վերաբերյալ այսպիսի քննարկումները, գաղտնիություն պարունակող նաև քննարկումները, քաղաքական շահարկումները շատ, շատ սխալ են:

Տեսեք՝ պետություններ, ազգեր իրենց ողջ պատմության ընթացքում փոքր-ինչ առիթներ են գտել ազգը ոգևորելու՝ այնպես, օրինակ, ինչպես, ասենք, տավուշյան գործողություններն էին, համախմբելու, հերոսացնելու իրենց որդիների գործողությունները: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում այս քաղաքական շահարկումներով ասել մեր հանրությանը: Փոխանակ այնպես, ինչպես հանրապետության երրորդ նախագահը փաստեց, որ Արցախի Պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրը 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ կատարել է, փոխանակ դա փաստենք և համախմբենք, ոգևորենք մեր ժողովրդին, ի՞նչ ենք մենք ուզում ասել, էլի, ուզում ենք ներկայացնել որպես պարտությո՞ւն:

Յուրաքանչյուր մարտական գործողություն իր մեջ պարունակում է հաջողություններ: Այդ գործողությունները փաստում են, որ հայ ժողովրդի որդիների՝ հրամանատարների, զինվորների հերոսությունների, մարտավարական հմուտ գործողությունների շնորհիվ կարողացել ենք վիժեցնել Ադրբեջանի հեռահար նպատակները, սա է: Իսկ թվային որևիցե մի տվյալներ ներկայացնելը ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ սխալ է և ճիշտ չէ:

«Ազատություն». – Բայց արդեն հնչել է, և հնչել է պաշտոնյայի՝ հանձնաժողովի նախագահի կողմից:

Օհանյան. – Եվ ես գտնում եմ, որ սխալ է, որ այն հնչել է, և գտնում եմ, որ իրենց աշխատանքները ավարտելուց հետո նրանք հանրությանը պետք է ներկայացնեն այն մասը, որ գաղտնիություն չի պարունակում:

«Ազատություն». – Այսինքն՝ Դուք կարծում եք, որ չպետք է հրապարակվեր, դա գաղտնի տեղեկատվությո՞ւն է:

Օհանյան. – Գաղտնի տվյալները, ես հիմա չգիտեմ, չեմ հիշում, գաղտնի տվյալները Պաշտպանության նախարարությունը պետք է տնօրինի, և Պաշտպանության նախարարությունն է միակ այն կառույցը, որ կարող է այս կամ այն չափով ինչ-որ փաստաթուղթ գաղտնազերծել, ոչ թե հանձնաժողովը:

«Ազատություն». – Եվ հետևաբար Դուք հրաժարվում եք ասել՝ մոտ երկու տասնյակ դիրքեր մենք կորցրե՞լ ենք:

Օհանյան. – Ես չեմ հրաժարվում, ես աում եմ, որ մենք ռազմավարական առումով կորուստներ չենք ունեցել, մարտավարական առումով մեր գործողությունները համահունչ են եղել այդ մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործողություններին կանխարգելելու, հակազդելու բնույթին, և դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ բոլոր այդ դիրքերը գտնվում են վերահսկողության ներքո, և Արցախի Հանրապետության Զինված ուժերը ցանկացած ժամանակ ցանկացած խնդիր նաև այդ ուղղություններով կարող են կատարել:

«Ազատություն». – Թեկուզ ոչ ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես Դուք եք ասում, բայց այնուամենայնիվ ունեցե՞լ ենք տասնյակ դիրքերի կորուստ, ինչի մասին փաստում է հանձնաժողովի նախագահը:

Օհանյան. – Դե ես պատասխանեցի արդեն, և բերեք դրանով սահմանափակվեմ: