Մատչելիության հղումներ

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդն անակնկալ է հարձակվել, պնդում է Սերժ Սարգսյանը


2016 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը այսօր էլ պնդեց՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդն անակնկալ է հարձակվել։

Սարգսյանի քննադատները, երբ առաջին անգամ այդ հայտարարությունը լսեցին, պարզ հարց հնչեցրին՝ իսկ ո՞ւր էր հետախուզությունը:

«Մենք նախօրոք չենք իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն։ Աշխարհի նույնիսկ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ունենալ ամբողջական տեղեկատվություն: Կարծում եմ, որ դուք չեք կասկածում, որ աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններից մեկը Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունն է, որ նախնական տեղեկություններ չուներ սեպտեմբերի 11-ի այդ ողբերգության իրականացման մասին: Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է», - պատասխանեց երրորդ նախագահը:

Թեև Սարգսյանը խոստովանեց, որ թերացում եղել է, բայց կոշտ քայլեր չեն եղել։ Ապրիլյան բախումներից 20 օր անց պաշտոնանկ արվեց գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը հետո ռազմական կցորդ նշանակվեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, այժմ էլ վարչապետ Փաշինյանի խորհրդականն է։ Նախկին նախագահը հարցին հարցով պատասխանեց՝ իսկ ո՞վ է ասում, որ թերացման համար մարդիկ պետք է պարտադիր դատապարտվեն: Հիշեցնենք՝ խոսում էր 100-ից ավելի կյանք խլած, տարածքային կորուստների պատճառ դարձած քառօրյա պատերազմում հայկական կողմի թերացումներից:

«Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն, այդպիսի հասկացողություն չկա, թերացում նշանակում է՝ թերացում: Թերացումն անդրադառնում է մարդու պաշտոնեական առաջխաղացմանը և ծառայության շարունակմանը և այլն», - նշեց Սերժ Սարգսյանը:

Սարգսյանն այսօր էլ կրկնեց մի քանի օր առաջ ձայնագրված տեսանյութում հնչեցրած իր թեզը, թե 2016 ապրիլյան քառօրյայում Հայաստանը հաղթել է, ասաց՝ չորս ամիս առաջ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում է նույնը պնդել։ Իսկ իր նախագահության ընթացքում առիթ ունեցել էր 2016-ի քառօրյայի մասին խոսելու, այն ժամանակ խուսափել էր կոնկրետ ձևակերպումից՝ ասելով, թե «Զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»:

«Մեզ անհրաժեշտ էր ունենալ փաստաթուղթ, բարաթ, որտեղ մեր երկարատև աշխատանքն արձանագրում կունենար, և մենք ունեցանք դա: Հիմա ձեր կարծիքով ո՞րն էր ավելի կարևոր՝ մենք խոսեինք առաջին իսկ օրից մեծ հաղթանակի մասին, դրանով գրգռելով Ադրբեջանի ժողովրդին, նրանց ղեկավարին, որպեսզի նրանք շատ կարծր դիրքորոշում ունենա՞ն բանակցային սեղանի շուրջ», - ասաց նախկին նախագահը:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փակագծեր էր բացել զեկույցից՝ ապրիլյան պատերազմում մոտ երկու տասնյակ դիրք է մնացել հակառակորդի տնօրինման տակ: Սարգսյանը պնդեց՝ սխալ թիվ է հնչել, բայց իր տարբերակն էլ չհրապարակեց. «Կարծիք ունեմ, որ այդ սխալը պայմանավորված է նրանով, որ միգուցե դեռևս հանձնաժողովն իր ամբողջական աշխատանքը չի ավարտել»:

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե 2016-ին անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկան չի աշխատել, Սարգսյանը վրիպում որակեց, իսկ իր նախագահության տարիների կոռուպցիայի մասին «Ազատության» հարցն անպատասխան թողեց։

«Այո, մենք չենք ունեցել և տևական ժամանակ չենք ունենալու բոլոր լավագույն զինատեսակները, բայց միշտ եղածով կատարել ենք մեր խնդիրը, և վստահ եմ, որ այդպես էլ միշտ լինելու է», - ասաց երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանի ասուլիսը տեղի ունեցավ քննիչ հանձնաժողովի զեկույցի նախօրեին։ Նա երեք ժամ պատասխանեց 50 լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Չնայած հայտարարվել էր, որ ասուլիսի թեման ապրիլյան քառօրյա պատերազմն է, բայց այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը ու սպասվող զեկույցի մասին հարցերին չպատասխանեց, թե մինչև զեկույցը կանխակալ կարծիք հայտնելը սխալ է։

Սա հրաժարականից հետո Սերժ Սարգսյանի առաջին մամուլի ասուլիսն է, տասը տարվա նախագահության ընթացքում էլ նա ասուլիսներ չի տվել, մատների վրա հաշված հարցազրույցներ է ունեցել՝ այն էլ միայն մի քանի առանձին լրատվամիջոցների հետ։

Այսօր ասաց, որ լրագրողների հետ հանդիպմանն անհամբեր էր սպասում, բայց այդպես էլ փակագծեր չբացեց, թե ինչ նկատի ուներ, երբ իր հրաժարականի տեքստում գրել էր՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Ասաց՝ ապրիլյանին չառնչվող հարցերին չի պատասխանում։ Անպատասխան թողեց նաև իր ղեկավարած ՀՀԿ-ի՝ իշխանության վերադառնալու մտադրությունների մասին հարցը։ Բայց ահա հարկ համարեց նկատել՝ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում:

«Էդ ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ էդպես բարյացակամորեն դա նկատել եք: Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև ապրիլյան քառօրյան թեև շատ սերտ շաղկապված է քաղաքականության հետ, բայց այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից ու հետևանքներից», - ասաց նա:

Ասուլիսի մեկնարկին Սերժ Սարգսյանը ինքն էլ ոտքի կանգնեց, լրագրողներին էլ հորդորեց հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմի մասնակիցներին։ Չհիշատակեց, սակայն, վերջին՝ տավուշյան բախումներում զոհվածներին, չնայած կարծիք հայտնեց, որ Զինված ուժերը իրենց լավագույնս են դրսևորել այդ մարտերում։

Հարյուրից ավելի զոհ 2016-ի քառօրյայում, պատրա՞ստ է ներողություն խնդրել զոհերի ընտանիքներից, զգո՞ւմ է պատասխանատվություն, Սարգսյանն ասաց՝ Հայաստանը նվազագույն կորուստներով է հաղթել։

«Այստեղ ներողություն բառը ճիշտ բառը չի, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում, ես իմ խոնարհումն եմ հայտնում նրանց ընտանիքներին», - հայտարարեց Սարգսյանը:

Ասուլիսի անցկացման վայր էր ընտրվել «Հարսնաքար» ռեստորանի բացօթյա հատվածը: Մուտքի մոտ մետաղորսիչներ էին տեղադրված, տարածքում անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ կային։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող հենց այդ ռեստորանում 8 տարի առաջ Հայրապետյանի թիկնազորի անդամները սպանեցին ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, Հայրապետյանը չհայտնվեց մեղադրյալների շարքում, ինչպես այդ օրերին բողոքի ակցիայի ելածներն էին պահանջում, բայց վայր դրեց պատգամավորական մանդատը:

Երկու քրեական գործերով մեղադրվող Հայրապետյանը այժմ հետախուզվող է, բայց՝ ոչ ՌԴ-ում, որի քաղաքացին, ինչպես պարզվեց, եղել է պատգամավորական 3 ժամկետների ընթացքում էլ: «Սարգսյանը չի էլ հիշում դաժան սպանության մասին, ուղիղ ցույց է տալիս իր աջակցությունը Հայրապետյանին»,- ասուլիսի վայրի ընտրությունը այսպիսի բուռն քննարկումների առիթ էր տվել: Սարգսյանի պատասխանը հետևյալն էր՝ իրենք նախընտրել են ասուլիսի մասնակիցների անվտանգությունը հնչող քննադատություններից.- «Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց իր մանդատը, տեղի ունեցավ դատավարություն»:

Սարգսյանը կարծում է ղարաբաղյան բանակցությունները փակուղում են, իսկ դա մեծացնում է պատերազմի վտանգը։ Հաջորդ ասուլիսի թեման պատրաստվում է դարձնել հենց արցախյան հիմնախնդիրը։

XS
SM
MD
LG