Կորոնավիրուսը՝ գործիք իշխանության ձեռքում

Ռուսաստանից իրավապաշտպանները պնդում են, որ կորոնավիրուսի համավարակը զսպելու սահմանափակումները, կարանտինային ռեժիմը իշխանությունները պատրվակ են օգտագործել ակտիվիստներին ճնշելու համար։

Ուսումնասիրելով բազմաթիվ դեպքեր նման եզրակացության է հանգել Մոսկվայում գործող «Ագորա» իրավապաշտպան խումբը։ «Բողոքի ախտահանում» զեկույցի հեղինակ իրավաբան Աննա Բոչիլոն օգտվել է մամուլի բաց հրապարակումներից, սոցցանցերի օգտատերերի նյութերից, պետական, հանրային մարմինների հաղորդագրություններից:

Զեկույցը գտնում է, որ անցած գարնանը Ռուսաստանում ինքնամեկուսացումը խախտելու համար ապրիլի 1-ից սահմանված պատիժը իշխանությունների համար գործիք էր կանխելու համար բողոքի ակցիաները։ Դրանք դիտարկվել են բնակչության համաճարակային անվտանգությանը սպառնացող ակցիաներ, որի մասնակիցներին կարելի էր տուգանել մինչև 30 հազար ռուբլիով։ Դատական 26 որոշումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսային տուգանքների գումարի չափը ավելի բարձր է, քան սովորական իրավախախտումների դեպքում։

Իրավապաշտպանները հաշվել են, որ համավարակի ընթացքում մարտ ամսից ի վեր Ռուսաստանում առնվազն 775 բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, այդ թվում նաև սահմանադրական փոփոխությունների դեմ։

Անգամ սոցիալական հեռավորություն պահպանելը, դիմակներ, ձեռնոցներ կրելը որևէ նշանակություն չեն ունեցել ակտիվիստներին պատասխանատվությունից ազատելու համար։ Ոստիկանները շատերի դեմ արձանագրություններ են կազմել կարանտինային սահմանափակումները խախտելու կամ միանգամից երկու արձանագրություն՝ նաև հավաքների անցկացման կարգը խախտելու համար։

Ամենացայտուն օրինակները համաճարակային տեսակետից բոլորովին անվտանգ միայնակ ակցիա իրականացնող անհատների դեմ գործողություններ են։ Անցած վեց ամսվա ընթացքում ոստիկանները Մոսկվայում 269 մարդու բերման են ենթարկել, որոնք մեն-մենակ կանգնած էին իրենց կարծիքն արտահայտող պաստառով։

«Բողոքի ախտահանում» զեկույցի հեղինակը նշում է, որ միայնակ ակցիան համաճարակային տեսանկյունից անվտանգ է, և այդ մարդկանց բերման ենթարկելը վկայում է, որ իրավապահների գործողությունները որևէ կապ չունեն համավարակի տարածումը կանխելու նպատակի հետ։ Իրական նպատակը քաղաքացիական, խաղաղ բողոքի ակցիաները չեզոքացնելն է։

Հասարակական կազմակերպությունները հայտնում են, որ Մոսկվայում իրավապահները օգտագործել են քաղաքում տեղակայված տեսախցիկները կարանտինի ռեժիմը խախտողներին հայտնաբերելու և վարչական պատասխանատվության ենթարկելու համար։ Մի շարք քաղաքացիներ բողոքել են, որ տանը նստած տուգանքների արձանագրություններ են ստացել, տեսախցիկներին հետևողները մարդկանց ինքնությունը սխալ են որոշել։

Մոսկվայի փողոցներում, հանրային վայրերում 175 հազար տեսախցիկ է տեղադրված, և դրանց թիվը նախատեսվում է ավելացնել: Ճանաչման ցանցին միացված տեսախցիկներ կդրվեն նաև մետրոյի վագոններում։ Տեսախցիկները միացած են այսպես կոչված ճանաչման համակարգին, որի միջոցով իրավապահները օնլայն ռեժիմով կարող են ոչ միայն հետևել, այլև ստանալ տեսադաշտում հայտնված մարդու անձնական որոշ տվյալներ։

Ըստ «Լևադա» կենտրոնի տեսախցիկների հարցում մոսկվացիների կարծիքները կիսվել են՝ 47 տոկոսը կողմ է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրմանն ու դրանց միացմանը ճանաչման համակարգին, գտնելով, որ այն կօգնի հանցավորության դեմ պայքարին, 42 տոկոսը դեմ է, նրանք գտնում են, որ քաղաքացիները կհայտնվեն իշխանությունների տոտալ դիտարկման տակ։