ԱՄՆ-ի Սենատում ներկայացվեց 2016-ի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության զեկույցի վերջին մասը

ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում երեքշաբթի հրապարակվել է 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության զեկույցի վերջին մասը։

Զեկույցը պնդում է, որ Ռուսաստանը օգտագործել է հանրապետական գործիչ Փոլ Մանաֆորտին և Wikileaks կայքը՝ ընտրություններին միջամտելու նպատակով։

«Wikileaks-ը, որտեղ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ հայտնվեցին Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի հազարավոր նամակներ, հավանական է գիտեր, որ օգնում է ռուսական հետախուզությանը։ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ստացել է Մոսկվայի աջակցությունը», - պնդում է զեկույցը։

Նշված է, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը ընտրություններից առաջ և հետո, ինչպես նաև ընտրությունների ժամանակ գործնական հանդիպումներ է ունեցել ռուսների հետ։

Մոտավորապես՝ հազար էջանոց զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ հրահանգել է հարձակումներ գործել դեմոկրատական կուսակցության և Հիլարի Քլինթոնի ինտերնետային կայքերի վրա։ Մոսկվան փորձել է ակտիվորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Սակայն Թրամփի հետ կապված, հանձնաժողովի ղեկավար սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե չի հաջողվել պարզել, որ Թրամփն այս ամենին ուղղակի առնչություն է ունեցել։

Թրամփը բազմիցս հերքել է մեղադրանքները, հետաքննությունը կոչելով «վհուկների որս»։