Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը նոր հետաքննություն է սկսում Սպիտակ տան ղեկավարի նկատմամբ՝ այս անգամ փորձելով պարզել Թրամփի կողմից արդարադատությանը խոչընդոտելու փորձերը:
Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովը, մասնավորապես, փաստեր է հավաքում Դոնալդ Թրամփի կողմից իշխանության չարաշահման, կոռուպցիայի, արդարադատությանը միջամտելու հնարավոր փորձերի մասին:
Այսօր կոնգրեսականները իրենց հուզող հարցերի վերաբերյալ շուրջ վեց տասնյակ անձանց և կազմակերպությունների հարցադրումներ են ուղարկելու, հասցեատերերի թվում են նաև նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, նախագահի ընտանիքին պատկանող «Թրամփ Օրգանիզեյշըն» կորպորացիայի ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգը, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Ջոն Քելլին:
Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը ABC-ի հետ զրույցում պնդել է, թե նախագահ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը՝ որպես օրինակ մատնանշելով նախագահի կողմի Հետախուզության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջոյմս Քոմիի պաշտոնանկությունը:
Քոմին, հիշեցնենք, հետաքննում էր ամերիկյան նախագահական ընտրություններին Կրեմլի ենթադրյալ միջամտությունը․ նրա պաշտոնանկությունից հետո հետաքննությունը փոխանցվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին:
«Մենք կանենք հնարավորը ապացույցներ ձեռք բերելու համար», - ասել է Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջերոլդ Նադլերը:
Իր նկատմամբ հերթական այս հետաքննությանը արձագանքելով՝ Դոնալդ Թրամփը պնդել է․ - «Ես անմեղ եմ, ինձ հետապնդում են շատ վատ, հակասական և կոռումպացված անձինք, ովքեր վհուկների ապօրինի որս են սկսել»: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Թվիթերում:
Թե՛ Նադլերի գլխավորած Իրավական հարցերով հանձնաժողովը, թե՛ Կոնգրեսի մյուս հանձնաժողովները այս օրերին սպասում են հատուկ դատախազ Մյուլերի զեկույցի հրապարակմանը:
Շուրջ 22 ամիս տևած հետաքննությունը պետք է պարզեր՝ արդյոք Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Կրեմլի միջև եղե՞լ են դավադրություններ` Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնի դիրքերը խարխլելու նպատակով:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի երկամյա պաշտոնավարումը հարցեր է առաջացրել թե՛ Թրամփի ընդդիմախոսների, թե՛ իրավապահների մոտ:
Սպիտակ տան ղեկավարի նկատմամբ այս պահի դրությամբ զուգահեռաբար մի քանի տարբեր հետաքննություն է ընթանում, դրանք պետք է պարզեն Թրամփի թիմի և Կրեմլի միջև հնարավոր կապը կամ օրինակ՝ ինչպես է ծախսվել Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության համար հավաքված 107 միլիոն դոլարը, որը ռեկորդային թիվ է ԱՄՆ-ի պատմության ընթացքում: Կասկածներ կան, որ այդ գումարը կարող է ծախսված լինել ոչ նպատակային, և որ որոշ հովանավորներ կարող էին Թրամփի վարչակազմի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն ստանալ:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության կոմիտեի նախաձեռնած հետաքննություններից մեկի համաձայն էլ՝ Թրամփի աշխատակազմը, շրջանցելով ամերիկյան օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգերը, փորձել է միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել Սաուդյան Արաբիային: Թեև նախագահական աշխատակազմի իրավաբաններից մի քանիսը շարունակաբար զգուշացրել են վերադասներին, որ Էր-Ռիյադի հետ հնարավոր գործարքը խնդրահարույց է թե՛ օրինականության, թե՛ աշխարհաքաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, այդուհանդերձ 2016-ի վերջին և 2017-ի սկզբին մեկնարկած այդ պրոցեսն այժմ էլ շարունակվում է, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջականորեն մասնակցում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելուն ուղղված գործողություններին:
Նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: