Խաբարովսկում ցույցեր «Կեցցե՛ Բելառուսը» կարգախոսով

Բողոքի ցույց Խաբարովսկում, արխիվ

Խաբարովսկում տեղի են ունեցել հակապուտինյան ցույցեր, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ վանկարկել են «Կեցցե՛ Բելառուսը» կարգախոսը:

Խաբարովսկում բողոքի ակցիաները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ իրավապահները ձերբակալել և դատական պատասխանատվության ենթարկելու նպատակով Մոսկվա են ուղարկել պատվիրված սպանությունների մեջ կասկածվող Խաբարովսկի երկրամասի արդեն նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին: Վերջինս հերքում է մեղադրանքը:

Խաբարովսկի իշխանությունները պնդում են, որ «ցույցերի մասնակիցների թիվը վերջին շրջանում էապես նվազել է», սակայն քաղաքից ստացվող տեսագրությունները վկայում են, որ «Կեցցե՛ Բելառուսը» կարգախոսի տակ տեղի ունեցած ցույցին մասնակցել է առնվազն մի քանի հազար մարդ: