Լուկաշենկո․ Ես դեռ ողջ եմ և երկրից չեմ հեռացել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի ավելի քան 25 տարվա իշխանավարման դեմ վեցերորդ օրն է՝ բողոքի ցույցեր են անցկացվում, այսօր հայտարարել է, թե ողջ է և գտնվում է երկրում։

«Նախ՝ ես դեռ ողջ եմ և երկրում եմ, ոչ թե արտասահմանում, ինչպես տարածում են որոշ ընդդիմադիրներ», - ըստ «Բելտա» գործակալության, ասել է Լուկաշենկոն շինարարական ոլորտի ընկերությունների հետ հանդիպման ժամանակ։

Բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդը մեկնաբանել է նաև երկրում սկսված հակակառավարական ցույցերն ու գործադուլները։ «Ոմանք փորձում են թուլացնել աշխատավորական կոլեկտիվները», - պնդել է Լուկաշենկոն, հավելելով. - «Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել, մենք հո չե՞նք կարող նրան բռնի ուժով ստիպել»։

Լուկաշենկոն, սակայն, որևէ կերպ չի մեկնաբանել բողոքի ակցիաներն ու ցուցարարների դեմ ոստիկանների բռնությունները, որոնց փաստը նախօրեին ընդունել էր նաև ներքին գործերի նախարարը։