Ռուսաստանում բուժանձնակազմի կեսից ավելին չի ուզում ստանալ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը՝ առանց կլինիկական փորձարկումների բոլոր երեք փուլերն անցնելու։
«Բժշկի տեղեկատու» ծառայության անցկացրած հարցումների համաձայն, ավելի քան 3 հազար բժիշկներից միայն 24 տոկոսն է համաձայնել ստանալ այդ պատվաստանյութը։ 66 տոկոսը պնդել է, թե չի վստահում, քանի որ չունեն բավարար ապացույցներ դրա արդյունավետության վերաբերյալ, 48 տոկոսն էլ թերահավատորեն է վերաբերվում` փաստելով, որ այն ստեղծվել է ռեկորդային արագությամբ։
Պատվաստանյութի գրանցման մասին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, պնդելով, թե այն արդյունավետ է և ապահովում է անհրաժեշտ հակամարմիններ նոր կորոնավիրուսի դեմ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու միջազգային փորձագետները, մինչդեռ, կասկածի տակ են դնում այս պնդումները` փաստելով, որ չեն ստացել դրա արդյունավետությունն ապացուցող տվյալներ, բացի այդ, նյութը չի անցել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, որին մասնակցում են տասնյակ հազարավոր կամավորներ։