Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը

ԼՀԿ անդամ Ստեփան Ստեփանյան (ձախից) և կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան (աջից)

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը, հայտարարում է կուսակցությունը:

«Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ», - ասված է հայտարարության մեջ:

​Հիշեցնենք, որ այսօր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը` առողջական խնդիրների պատճառով: