Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս, Պավլիկ Մանուկյանին 9 տարի, Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման

Ոստիկանության ՊՊԾ գունդը 2016-ին գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունն արդեն մոտենում է ավարտին։ Այսօր հրապարակվեց մեղադրական ճառը։

Գլխավոր դատախազությունը միջնորդեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին զմահ ազատազրկման, իսկ զինված խմբի մյուս 5 անդամներին էլ՝ 8-ից 9 տարվա ազատազրկման։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, թե գրեթե բոլոր ամբաստանյալների դեպքում նրանց մեղսագրվող արարքների պատժաչափերը գումարելով՝ ազատազարկման շեմը գերազանցելու էր քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն 25 տարվա շեմը, պարզաբանեց՝ նվազագույն պատժաչափ սահմանվեց` հաշվի առնելով 2018-ին ընդունված համաներման օրենքը. - «Հենց այստեղ էր առանցքայինն այն, որ Համաներման մասին օրենքը գնահատվեց, որ դրա առակայությունն ինքնին օրենսդիրի կողմից ընդունելն այնքան է նվազեցնում այդ արարքների հանրային վտանգավորությունը, որ անձանց նկատմամբ հնարավորություն է ընձեռում մեզ օրենքով նախատեսված ամենամեղմ պատիժները միջնորդելու»:

Ոստիկանների սպանության համար չմեղադրվող զինված խմբի մյուս 8 անդամների վրա համաներման օրենքն ավելի վաղ չէր տարածվել, քանի որ տուժողներն առարկել էին։ Դատական այսօրվա նիստին մեղադրող դատախազները պնդեցին, որ հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանն ու մյուսները զինված խումբ են ստեղծել՝ ՊՊԾ գունդը գրավելու ու պատանդներ վերցնելու համար, նախապես ուսումնասիրել են տարածքն ու բեռնատարով մուտք գործել ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք։

«Բեռնատարով հարվածելով` կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի մասը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ` ներխուժել են գնդի տարածք, բաժանվել են մի քանի ենթախմբերի ու տարբեր ուղղություններով առաջանալով գնդի տարածք` զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելու հարկադրելու նպատակով զավթել են ու պահել են գնդի վարչական շենքերը, շինությունները», - ներկայացրեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը:

Բացի այդ, ըստ մեղադրական ճառի` 2016-ի հուլիսի 17-ին խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին և ավելի ուշ էլ շտապօգնության աշխատակիցներին, ոչնչացրել են գույքը։

«Սասնա ծռերը», 2016-ի հուլիսի 17-ին գրավելով ՊՊԾ գունդը, պահանջել էին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և գնդի գրավումից մեկ ամիս առաջ կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, նրանք ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեցին 15 օր, հետո զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։

Դատախազի պնդմամբ՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։ Հենց նրանք են այս պահին գտնվում կալանքի տակ։

Մեղադրող դատախազների ճառի ավարտից հետո «Սասնա ծռերի» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նոր իշխանությունների կողմից ևս իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվում, շարունակեց պնդել՝ իրենց խմբի անդամները ոստիկաներին չեն սպանել. - «Նկատի ունենանք, որ ուղղակի հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է շարունակել ժողովրդին խաբելը` նվազագույն միջանկյալ տարբերակ են ընտրել, իհարկե, մենք տեսանք, որ հանիրավի մեղադրանքներով «Սասնա ծռերի» 2 անդամներին ծանրագույն պատիժներ պահանջեց դատախազը` Արմեն Բիլյանին 21 տարի և Սմբատ Բարսեղյանին` ցմահ` հանցագործությունների համար, որոնք նրանք չեն կատարել, հանցագործությունների համար, որ կատարել է ռեժիմը»:

«Սասնա ծռեր» զինված խմբի 8 անդամների խափանման միջոցը ստորագրությամբ չհեռնալու մասին փոխվել էր հեղափոխությունից հետո։ Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։ Դատական նիստին այսօր ներկայացել էին «Սասնա ծռերի» գրեթե բոլոր անդմաները։ Զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը մահացել էր 2018-ին։ Սպանված ոստիկանների իրավահաջորդներն այսօր ժամանակ խնդրեցին իրենց ճառի նախապատրաստման համար։