Ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք են ներկայացրել ընդդեմ Վերաքննիչ դատարանի որոշման: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Հուլիսի 8-ին վերաքննիչ ատյանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության: 63-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանին։
Հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ կալանքի տակ առնել Ծառուկյանին` պնդելով, որ ճիշտ է` կա հիմնավոր կասկած, որ ԲՀԿ առաջնորդը կատարել է այդ հանցագործությունը, սակայն ընդդիմադիր գործիչը կարող է գտնվել ազատության մեջ։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։
Միևնույն ժամանակ Վերաքննիչը մերժել էր ընդդիմադիր գործչի փաստաբանական խմբի բոլոր պահանջները։ Նրանք պահանջում էին վերանայել առաջին ատյանի դատարանի այդ գնահատականը, թե կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը կատարել է իրեն առնչվող հանցագործությունը, նաև այն, որ այս քրեական գործը պետք է քննի ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը, այլ Հատուկ քննչական ծառայությունը։