Բելառուսի ընդդիմադիր թեկնածուն չի ընդունում պարտությունը

Բողոքի զանգվածային ակցիաներ Բելառուսում, 10 օգոստոսի, 2020թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում վաստակել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել:

Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ տասը տոկոսը, մնացած թեկնածուներից յուրաքանչյուրի քվեները երկու տոկոսի էլ չեն հասել:

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 84 տոկոսը:

Լուկաշենկոն 1994 թվականից է ղեկավարում երկիրը, նրան անվանում են «Եվրոպայի վերջին դիկտատորը»:

Տիխանովսկայայի շտաբը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները:

Ընտրություններից հետո տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունն ուժ է կիրառել: Ըստ Բելառուսից ստացվող տեղեկությունների, կա մոտ 3 հազար ձերբակալված, տուժել է մոտ հարյուր մարդ՝ քաղաքացիներ և իրավապահներ:

Ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, մահակներ և լուսաձայնային նռնակներ:

Իրավապաշտպանների փոխանցմամբ, ցուցարարների և ոստիկանների հետ բախումներում զոհվել է առնվազն մեկ մարդ:

Իշխանությունները հայտարարել են, որ «ցուցարարները չափազանց ագրեսիվ են գործել, սակայն ոստիկանները մարտական զենք չեն կիրառվել»: