Ամուլսարի տարածքից ապամոնտաժվեցին «Լիդիան Արմենիա»-ի պահնորդական ծառայության վագոն-տնակները

Ջերմուկի համայնքապետարանը ոստիկանության աջակցությամբ Ամուլսարի տարածքից ապամոնտաժեց և ճամփեզրից տեղափոխեց «Լիդիան Արմենիա»-ի վագոն-տնակները:

«Լիդինա Արմենիա» ընկերությունը վագոն-տնակների տեղափոխումն ապօրինի է համարում՝ նշելով, որ դրանց տեղադրումն այդ տարածքում օրինական է:

Ակցիայի մասնակիցներն իրենց առաջին պահանջը համարում են բավարարված՝ նշելով, որ ընկերության վագոն-տնակները համայնքապատկան հատվածում էին տեղադրված և անօրինական էին: Ակտիվիստները ցանկանում են պայմանավորվածություն ձեռք բերել համայնքապետարանի հետ, որպեսզի իրենց մեկ շարժական վագոն-տնակի համար տարածք հատկացվի՝ գիշերային հերթապահությունները շարունակելու համար, որոնք իրականացրել են վերջին երկու տարիներին:

Նրանք նաև պահանջում են «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական ծառայություն կատարող աշխատակիցների հեռացումը Ամուլսարի տարածքից:

Այսօր մարզային ոստիկանապետն «Ազատության» հարցին ի պատասխան նշեց, որ նման գործողություն իրականացնելու որևէ իրավական հիմք չկա և այդ պահանջը որևէ ձևով բավարարման ենթական չէ:

Օրակարգում է շարունակում մնալ նաև ակտիվիստների հիմնական պահանջը՝ չեղարկել 2016 թվականի ՇՄԱԳ-ի թույլտվությունը և նոր ուսումնասիրություններ անցկացնել: Ինչպես նաև պահանջում են, որպեսզի կառավարությունը հրապարակային իր դիրքորոշումը ներկայացնի հանքի շահագործման հարցի վերաբերյալ:

Ակտիվիստները «Ազատության» հետ զրույցում նշեցին, որ իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն ավելի ուշ: