Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր իտալական «Ռոմայի» կազմում դաշտ դուրս կգա Եվրոպայի Լիգայի եզրափակիչ խմբային մրցաշարի առաջին հանդիպմանը։
Իտալական ակումբն այսօր Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի մարզադաշտում մրցելու է իսպանական «Սևիլյայի» հետ։
Նախորդ տարի, Մխիթարյանը լոնդոնյան «Արսենալի» կազմում հնարավորություն չստացավ մասնակցել Եվրոպայի Լիգայի Բաքվում անցկացվող եզրափակիչին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին ապահովել նրա անվտանգությունը։
«Բնական է, որ ես ափսոսում եմ, որ անցած տարի ինձ եզրափակիչին մասնակցելու հնարավորություն չընձեռվեց։ Դա, սակայն, անցյալում է, և ես չեմ ցանկանում խոսել դրա մասին, դա ցավոտ թեմա է։ Այս տարի ամեն ինչ այլ կերպ է դասավորվել։ Ես միշտ եմ ցանկացել եզրափակիչում խաղալ։ Ի վերջո ես ֆուտբոլ եմ խաղում ոչ թե պարզապես այս կամ այն խաղում հաղթելու, այլ տիտղոսների արժանանալու համար», - նշել է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստի համոզմամբ՝ իր թիմը այսօրվա խաղում հաղթելու լուրջ շանսեր ունի։
«Ես դաշտ եմ դուրս գալու հաղթելու նպատակով։ Գիտեմ, որ դա հեշտ չի լինի, բայց ես վստահ եմ, որ մեր թիմը պատրաստ է այս խաղին։ Ես կանեմ ամեն ինչ հանուն հաղթանակի։ Թիմի հաղթանակը նաև իմ հաղթանակն է լինելու», - ասել է Մխիթարյանը։