Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ` իր զորակցությունը հայտնելով այդ երկրի ժողովրդին և նրա նախագահին:

Ինչպես փոխանցում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել Բեյրութի նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

Վարչապետ Փաշինյանը Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին:

Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել սփոփանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը փոխանցել Լիբանանի կարիքների հիման վրա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ ստեղծված խնդիրները հնարավորինս շուտ հաղթահարելու համար:

Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հարյուր հոգի, վիրավորների թիվը մոտ 4 հազար է։ Սպասվում է, որ այս թվերը կաճեն։ Նկատելիորեն տուժել է կենտրոնական Բեյրութը։