Մատչելիության հղումներ

Բեյրութում երեկվա պայթյուններից ավելի քան 100 մարդ է զոհվել


Բեյրութի նավահանգիստը պայթյուններից հետո, 4 օգոստոսի, 2020թ.
Բեյրութի նավահանգիստը պայթյուններից հետո, 4 օգոստոսի, 2020թ.

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում երեկվա աննախադեպ հուժկու պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 4 հազար բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Հիվանդանոցները լցված են վիրավորներով: Լիբանանի Կարմիր խաչի ներկայացուցիչների փոխանցմամբ, զոհերի և վիրավորների թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ մեծ թվով մարդիկ մնացել են շենքերի ավերակների տակ:

Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանն ասել է, որ Բեյրութում «բառիս բուն իմաստով աղետալի վիճակ է»:

Նավահանգստում երեկվա երկու պայթյուններն այնքան հզոր էին, որ դրանց ալիքը հասել է Բեյրութից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիպրոս:

Ենթադրվում է, որ նավահանգստում գտնվող պահեստում պայթել են քիմիական դյուրավառ նյութեր, այդ թվում՝ նիտրատով լցված տակառներ կամ պարկեր:

Այսօր Լիբանանում սուգ է: Կառավարությունն առաջարկում է երկու շաբաթով արտակարգ դրություն մտցնել:

Աշխարհի տասնյակ պետություններ Լիբանանին օգնելու ցանկություն են հայտնել: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ արեց աղոթել Բեյրութի համար:

Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանին ասել է, որ քաղաքին հսկայական վնաս է հասցվել:

«Կարծես հզոր երկրաշարժ է հարվածել Լիբանանին և Բեյրութին, միլիարդավոր դոլարներ կպահանջվեն քաղաքը վերականգնելու համար, տնտեսությունը շատ կտուժի, որովհետև բոլոր բիզնեսներն են հարվածի տակ հայտնվել: Պետք են նոր մեծ ներդրումներ, բայց մենք չենք ընկճվի», - ասել է քաղաքապետ Իտանին:

Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, որ նավահանգստում պաշարված էր 2750 տոննա ամոնիումի նիտրատ, ընդ որում՝ պահեստում անվտանգության կանոնները չեն պահպանվել:

Նախագահի փոխանցմամբ, «դա անընդունելի է, և մեղավորները պետք է խստորեն պաժվեն»:

Ենթադրվում է, որ ամոնիումի նիտրատը նավահանգստի պահեստ են տեղափոխել երեք տարի առաջ ռուսաստանցի գործարար Իգոր Գրեչուշկինից առգրավված «MV Rhosus» բեռնատար նավից:

Գրեչուշկինը Խաբարովսկից է, այժմ բնակվում է Կիպրոսում: MV Rhosus նավը Բաթումից նիտրատը պետք է փոխադրեր Մոզամբիկ, սակայն տեխնիկական խնդիրների բերումով կանգ է առել Բեյրութի նավահանգստում, որտեղ էլ Լիբանանի իշխանությունները նավն առգրավվել են կանոնները չպահպանելու համար:

Ենթադրվում է, որ պահեստը պայթել է, երբ զոդողները երեկ փորձել են փակել պատերի անցքերը և այդպես կանխել պահեստից նիտրատը գողանալու դեպքերը:

XS
SM
MD
LG