Նախարար Պետրոսյան. Անհետևողական, չկանոնակարգված, փնթի շահագործման արդյունք է Սևանի կանաչումը

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյան «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում նշում է, որ շուրջ 300 տնտեսվարող ապօրինի գործունեություն է ծավալում կամ տնօրինում Սևանի ափերին «Սևան ազգային պարկի» իրավասության տակ գտնվող գոտիներում: Ըստ նրա` խառնիճաղանջ, անհետևողական, չկանոնակարգված, փնթի` Սևանի ափերի շահագործման արդյունք է Սևանի կանաչումը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու հետ

Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով իր որոշմանը` ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը, ապամոնտաժել ապօրինի տաղավարները, հայտնեց, որ իր ուսումնասիրություններն այս կարճ ժամանակահատվածում իրեն բերեցին այդ որոշմանը: Ուսումնասիրությունները, ինչպես նշեց, ցույց տվեցին, որ այնտեղի տնտեսվարողները` անկախ ով լինելուց, որևէ իրավական կարգավիճակ չունեին տվյալ ափի շահագործման ու այնտեղ բիզնես գործունեություն ծավալելու առումով: Նա նշեց, որ հրավիրել է «Սևան ազգային պարկի» տնօրենի ԺՊ-ին, կարգադրել նրան ամենասեղմ ժամկետներում կասեցնել տնտեսվարողի գործունեությունը և ապամոնտաժել ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները:

«Ինձ ներկայացված տեղեկանքներում նմանատիպ ավելի քան 300 շահագործողներ ու տնտեսվարողներ կան Սևանի ափերին «Սևան ազգային պարկի» իրավասության տակ գտնվող գոտիներում, ովքեր ապօրինի հողազավթմամբ, կառուցապատումներով տնօրինում են նմանատիպ տարածքներ կամ գործունեություն են ծավալում այնտեղ», - ասաց նախարարը: Նա նշեց, որ կոնկրետ այս ափին վերաբերող որոշումը այսրոպեականություն էր պահանջում, քանի որ նաև որոշակի անուններ էին կապվում այդ գործունեության հետ:

Հիշեցնենք` անցած շաբաթ համացանցում հայտնվեցին «Սպիտակ Շորժա» լողափում անցկացված բազմամարդ խնջույքի կադրերը։ Սևանի ափին անցկացված փարթին քննարկվեց ոչ միայն այն պատճառով, որ համավարակի օրերին հակահամաճարակային կանոններ էին խախտվել, այլև որ խախտողների թվում էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սարգսյանն ու նախարար Ռոմանոս Պետրոսյանը կուսակիցներ են:

«Սա ևս մեկ վառ ապացույց էր, որ մեր քաղաքական թիմն ու կառավարությունը երևույթներն անձերով չի պայմանավորում, օրենքի գերակայությունը և իրավահավասարությունը մեզ համար առաջնային կատեգորիա են», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետրոսյանը` հայտնելով նաև, որ այս շաբաթ օրը պլանավորում է մեկնել «Սևան ազգային պարկ»:

Արձագանքելով դիտարկմանը, որ մշտապես անդրադարձեր են լինում, որ մի շարք, այդ թվում` նախկին պաշտոնյաների առանձնատներ են այնտեղ ապօրինի կառուցված, նախարարը պատասխանեց ընդհանուր առմամբ տեղեկացնելով, որ շուրջ 3 հազար 800 շենք-շինություն ու տաղավար կա, որոնք ենթակա են ապամոնտաժման ու քանդման, նշեց` իրենց համար կարևոր չէ, թե ինչ շրջանակների են դրանք պատկանում:

Հարցին, թե այդ շենք-շինությունների մեջ կա՞ն առանձնատներ, ասաց. - «Կան հանգստի գոտիներ, առանձնատներ, ամառանոցներ, տաղավարներ, կոմերցիոն նպատակով շահագործվող, հանրային սննդի կետեր, որոնք նախնական պատկերով ենթակա են քանդման: Ինչ հնարավոր է կառուցապատել ապօրինի ու հողազավթումների վրա, դա կարծես թե տեղի է ունեցել Սևանում:

Այդ խառնիճաղանջ, անհետևողական, չկանոնակարգված, փնթի Սևանի ափերի շահագործման արդյունք է Սևանի կանաչումը»:

Իսկ որքանո՞վ կապ ունի Հայկ Սարգսյանը «Սպիտակ Շորժայի» հետ, այս մասին նշեց. - «Հայկ Սարգսյանն, իմ տպավորությամբ, այնքանով կապ ունի, որքանով որ այդտեղ էր գտնվում և պարետատան ցուցումների խախտում է թույլ տվել ու ներողություն է խնդրել, առնվազն գործունեության հարկային մասով ունեցած փաստաթղթերի մասով նրա անունը որևէ կերպ ֆիքսված չէ»:

Ամուլսարի մասին. Պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման առումով

Տարբեր օգտատերեր հարցեր էին ուղղել Ամուլսարի հանքի շահագործման մասին: Ռոմանոս Պետրոսյանը համաձայնեց, որ այս իրադարձությունները մեծամասամբ գտնվում են շրջակա միջավայրի կառավարման տիրույթում, սակայն հիշեցրեց` մի քանի օր առաջ` նշանակումից անմիջապես հետո, ժամանակ է խնդրել, որպեսզի լիարժեքորեն տիրապետի թեմային ու իր կոմպետենտ կարծիքը հնչեցնի այս մասին ավելի ուշ. - «Ցանկանում եմ երաշխավորել, ինչպես նաև վարչապետն է անդրադարձել իր ասուլիսիներին, եթե հանքը շահագործվի, մենք պետք է ունենանք բոլոր երաշխիքները ռիսկերի կառավարման ու մնացած մտահոգությունների փարատման առումով, եթե այլ երաշխիքներ չլինեն, ուրեմն չպետք է շահագործվի: Բնապահպանական շարժումների, նրանց ներկայացուցիչների հետ էլ պետք է խոսեմ:

Ես աշխատելու եմ բաց, շիտակ և թափանցիկ, և չի կարող մի մտահոգություն լինել, որը հաշվի չի առնվի, որևէ փաստարկ, որը քննարկելի չի լինի, ես դա երաշխավորում եմ և անձամբ, և ի պաշտոնե»:

Ինչ վերաբերում է հիմա այնտեղ տիրող լարված իրավիճակին, ապա նախարարն ասաց, որ հենց այս պահին միջամտելու իրավասություն իրենց գերատեսչությունը չունի: Նշենք, որ «Լիդիանի» պահնորդներն ապամոնտաժել են բնապահպան ակտիվիստների տնակները:

Նա ասաց. - «Այս պահին այլ գերատեսչություններ են ներգրավված այս գործընթացում, որոնք պետք է ներկայացնեն իրենց գնահատականները, ես հիմա զերծ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, ես պարզապես հետևում եմ»:

Միաժամանակ կոչ արեց զսպվածության ու խելամտության:

Օգտատերերից մեկի հարցին արձագանքելով` նախարարն անկեղծացավ ու ասաց, որ որպես երկրաբան սրտի խորքում կուզեր, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում լիներ բացառապես պետական, բայց նաև մասնավոր սեփականությունը քաղաքացու անքակտելի իրավունքն է տրված Սահմանադրությամբ: «Այլ հարց է, երբ պետությունն իր թիկունքը լիարժեքորեն շտկի և խորամուխ լինի այն լիցենզիաների տրամադրմանը, հանքերի այն տոտալ առուվաճառքին, որ տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը ու դրա արդյունքում չեղարկի որոշակի հանքարդյունաբերական նպատակով տրված լիցենզիաներ: Դա, բնականաբար, արվելու է ժամանակի ընթացքում», - նկատեց նա:

Քայլեր Սևանը փրկելու համար` ըստ նախարարի

Ի պատասխան հարցերի, թե ո՞րն է Սևանի հիմնախնդրի, կանաչման լուծման իր տեսլականը` նա շեշտեց. - «Սևանի հիմնախնդրի լուծման իմ տեսլականը նախ և առաջ Սևանի ափերին ավելի քան 300 ապօրինի տնտեսվարողների գործունեության կասեցումն ու ափերի ազատագրումն է այն բարբարոսական զավթման կոնստրուկցիաներից, ենթակառուցվածքներից, որոնց ականատեսն ենք»: Բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանը կարևորեց էկոհամակարգի վերականգնման ուղղված գործընթացները, ջրի մակերևույթի բարձրացումը, ափամերձ ջրի տակ անցնող հատվածների բուսական մնացորդներից, օրգանական այլ մնացորդներից մաքրելը, ինչպես նաև հարակից համայնքներում մաքրիչ կայանների հրատապ կառուցումը:

Որ այն մարդը, ով բնության մեջ աղբ կնետի, ենթարկվի ամոթանքի....

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը կարևորեց էկոկրթության լուրջ հիմքը դեռ դպրոցական տարիներից: Ըստ նրա` երեխան պետք է բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի դաստիրակություն ստանա. - «Մենք նաև լայն հանրային արշավներ ենք իրականացնելու, իրազեկման արշավներ ենք իրականացնելու, որպեսզի այն մարդը, ով բնության մեջ աղբ կնետի, ենթարկվի ոչ միայն վարչական ամենախիստ տուգանքների, այլև ենթարկվի ամոթանքի, պարսավանքի»: Նա նշեց, որ շրջակա միջավայրի աղբից մաքրման նախագիծ ևս կա, որը համավարակի պատճառով չմեկնարկեց, սակայն հավանաբար գարնանը կմեկնարկի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.