Մատչելիության հղումներ

Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզից տեղափոխվել է նախարարական կաբինետ


Ռոմանոս Պետրոսյանն այսօրվանից Կոտայքի մարզից տեղափոխվում է կառավարական երրորդ շենք՝ զբաղեցնելու Շրջակա միջավայրի նախարարի աթոռը:

Մասնագիտությամբ երկրաբան է, կենսագրականում կարդում ենք, որ մի կարճ շրջան աշխատել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում:

Վարչապետ Փաշինյանն առավոտյան նոր նախարարին աշխատակազմին ներկայացրեց մի քանի բնապահպանական շեշտադրումներով. աշխարհում բնության հանդեպ ծայրահեղ մոտեցումներ են` կա'մ պաշտում են, կա'մ արհամարհում. – «Մեր խնդիրն է գտնել այն բալանսավորված, ճիշտ մոտեցումը, որը կփորձի լուծում գտնել այն հակասությանը, որը ընդհանրապես կա քաղաքակրթության և բնության միջև»:

Իսկ Հայաստանում բալանսավորելու շատ բան կա՝ կենցաղից մինչև արդյունաբերություն. բնապահպանական խնդիր է դառնում. – «Ասել, որ մենք ընդհանրապես պետք ա հրաժարվենք, օրինակ, բնական պաշարների օգտագործումից, դա իհարկե ճիշտ չի, խելամիտ չի և հնարավոր չի, բայց մյուս կողմից, մենք չենք կարող բնապահպանական աղետների ճանապարհով գնալ»:

Ամուսլար, պոչամբարներ, անկառավարելի աղբ, Սևան. այս պահին ոլորտում թեժ, խնդրահարույց հասցեներ կան:

Վարչապետը Սևանի գունափոխման խնդիրը առանձնացրեց, շեշտեց, որ տարիների վերաբերմունքն է Սևանը կանաչ դարձրել, մեկ պատասխանատուի բացթողում չէ. – «Սկսած մեր հանգստանալու ձևերից, սկսած մեր տնտեսվարման ձևերից, սկսած նրանից, թե մենք Սևանի ափին ինչ կառույցներ ենք կառուցում, ինչ տրամաբանությամբ... Սևանի ափով էսօր քայլելը, մենք ամեն քայլափոխի տեսնում ենք բնապահպանական աղետ: Հենց էսօր»:

Երեք արդյունք, որ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին պաշտոնավարման ընթացքում հաջողվել է. ըստ Նիկոլ Փաշինյանի, էականոորեն նվազել են որսագողության ծավալները, լուրջ հաջողություն կա անտառների պահպանման գործում, և լուծվել է ՀԷԿ-երի ջրաչափման ու ձկնուղիների խնդիրը։

«Բնությունն արագ է արձագանքում, երբ հոգատար քայլեր են արվում», -ասաց վարչապետը: - «Վերջին տարիներին տեսել ենք այդպիսի արդյունքներ, և էդ արդյունքներով, իհարկե, բոլորս ուրախանում ենք»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի կարծիքով, բնապահպանության ոլորտում անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու. – «Մոտեցումը բացարձակապես համահունչ է նախորդ իշխանության մոտեցումներին` ռեսուրսների շահագործման և այդ ընթացքում շրջակա միջավայրի, բնության բաղադրիչների կատարյալ անտեսման տեսանկյունից»:

Օրինակ, հենց ՀԷԿ-երի հարցը Գրիգորյանը համարում է բոլորովին չլուծված, ջրաչափական սարքերի տեղադրումով ոչինչ չի փոխվել, ուժի մեջ են ջրօգտագործման բոլո ՝ անթույլատրելիորեն առատ լիցենզիաները. – «Ե'վ կոռուպցիայի աղբյուրն է էդտեղ, և' անօրինականության աղբյուրն է էդտեղ, բայց որևէ մեկը չի խոսում այն մասին, թե էդ ջրօգտագործման թույլտվությունները որ տրամադրել են, օրինակ, Եղեգիս գետի վրա 17 հատ ՀԷԿ-ից կազմված կասկադ է կառուցվել, էդ ի՞նչ հաշվարկով են տրամադրել էդ թույլտվությունները: Այստեղ է խնդիրը: Ոչ ոք ձեռք չի տալիս կոռուպցիայի աղբյուրին»:

Գրիգորյանը կարծում է, որ Կառավարությունը բնապահպանության ոլորտում պոպուլիզմից պետք է անցնի իրավական կոշտ վարչարարության, ցավոտ հարցերի վերաբերյալ կայացնի քաղաքական որոշումներ:

Տեսչական մարմնի նախկին ղեկավարը վստահ է, որ բնապահպանական խնդիրները չպետք է ձևակերպվեն որպես նախկինների թողած անլուծելի հետևանքներ. – «Ի՞նչ տնտեսական խնդիր է լուծում, երբ, օրինակ, Վովա Գասպարյանի կամ Սեյրան Օհանյանի ամառանոցները ապամոնտաժում են: Այդտեղ ի՞նչ տնտեսական խնդիր կա: Հենց հիմա նորից նոր բան է կառուցվում»:

«Չկասկածեք, բոլոր ապօրինի կառույցները, որոնք որ հնարավոր չի լինելու օրինականացնել, քանդվելու են: Որոնք որ հնարավոր կլինի օրինականացնել, օրինականացվելու են օրենքով սահմանված կարգով», -այսօր հայտարարեց նորանշանակ նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանը առայժմ չի ասի Ամուլսարը սա՞ր է մնալու, թե՞ հանքավայր է դառնալու: Ասաց, թե 100 օրվա լռության իրավունք ունի, բոլոր հարցերին կանդրադառնա հետո, հերթով: Անփոփոխ է մնում սկզբունքը. – «Օրենքի և իրավունքի գերակայության, բարոյականության ու բանականության չափորոշիչներին համապատասխան: Ձեր ասածի վերաբերյալ կարող եմ անել հետևյալ դիտարկումը: Մեր Կառավարությունը, մասնավորապես, իր գործողությունների հիմքում դնում է բացառապես պետության ու հանրության շահը: Եթե մենք առաջնորդվելու ենք պետության ու հանրության շահով, ապա աներկբա է, որ պիտի նաև խոսենք, երկխոսենք, ներկայացնենք, որից հետո իրացնենք մեր որոշումները»:

Աշխատանքային առաջին օրը Պետրոսյանը հանդիպումներ է անցկացրել նախարարության մասնագետների հետ։ Ասաց, որ կադրային ջարդ չի լինի, փորձ ու գիտելիք ունեցողները կշարունակեն աշխատել: Բայց ունի թիմակիցներ, որոնք կմիանան իրեն։

Ի դեպ, առավոտյան վարչապետի այցից անմիջապես հետո նախարարության միջանցքում նորոգում է սկսվել, պատից հեռացվել են նախկին նախարարների մեծադիր նկարները, նախարարական կաբինետի ինտերիերը անփոփոխ է:

Ռոմանոս Պետրոսյանը 13-րդ նախարարն է «Շրջակա միջավայրի» վերանվանված Բնապահպանության նախարարությունում: Նախորդ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը մոտ երկու տարի է եղել: Ամենաերկարակյացը Արամ Հարությունյանն էր, որ նախարարի աթոռը զբաղեցրել է 7 տարի, և այժմ հետախուզվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով:

XS
SM
MD
LG