Կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը

Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։

Նախարարության տարածած հաղորդագրությունում հարկ են համարել ընդգծել, որ սկանդալի կենտրոնում հայտնված հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ։

Անցած շաբաթ համացանցում հայտնվեցին «Սպիտակ Շորժա» լողափում անցկացված բազմամարդ խնջույքի կադրերը։ Սևանի ափին անցկացված փարթին քննարկվեց ոչ միայն այն պատճառով, որ համավարակի օրերին հակահամաճարակային կանոններ էին խախտվել, այլև որ խախտողների թվում էր իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սարգսյանն ու նախարար Ռոմանոս Պետրոսյանը կուսակիցներ են:

Երեկ «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպմանը Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը նշել է՝ իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

«Մտադիր եմ այսօր հենց բանավոր հանձնարարական տալու, որպեսզի Դուք Ձեր լիազորությունների իրավասության շրջանակներում ամենախելամիտ ժամկետներում, կարծում եմ, խելամիտ ժամկետը դա երկու-երեք օրն է, ոչ ավելի, ապամոնտաժելու կարգադրություն տաք ափի տնակները: Ես նաև այդ մասին ասել եմ տվյալ տնտեսվարողին՝ միջնորդավորված: Իրանք արդեն տեղյակ են, որ մենք գնալու ենք այդ քայլին, քանի որ Ա. հստակ տարածքի նկատմամբ որևէ իրավական փոխկապակցվածության տնօրինման մասին վկայող կարգավիճակ գոյություն չունի, և Բ. դա պետք է արվի արագ, սուր, վճռական, որպեսզի որևէ մեկի մոտ տարընկալում չմնա, որ մենք կաշկանդվելու ենք կամ մեր գերատեսչությունը իր հետագա գործունեության շրջանում երևույթները պայմանավորելու է անձերով: Մենք անձերով չենք պայմանավորելու ոչինչ, ես այդ պատասխանատվությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, վերցնում են ինձ վրա, և այդ գործառույթը պետք է իրականացվի», - ասաց նախարարը:

Պետրոսյանը երաշխավորել է, որ հետայսու այս և նմանատիպ տարածքները տնտեսվարողներին կտրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։

«Ազատությունը» կապ հաստատեց նաև Սևանի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու տնօրեն ներկայացող Արտյոմ Մելքումյանի հետ, ով փոխանցեց միայն, որ տեղյակ է այս որոշումից, ապօրինի տաղավարների մասին հարցը լսելուց հետո՝ հեռախոսն անջատեց։ Մելքումյանի հետ կապ հաստատել այլևս չհաջողվեց։

Միջոցառման Կադրերը լրատվամիջոցներում հայտնվելուց հետո լողափում ստուգումներ անցկացրեց տեսչական մարմինը, և պարետի որոշմամբ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու գործունությունը դադարեցվեց 14 օրով:

Հուլիսի 31-ի «Հետք»-ի հրապարակած մի հոդվածում լրատվամիջոցը անդրադարձել էր այս հանգստյան գոտու գործունեությանը: Պարզել, որ տարածքը փաստացի օգտագործողը` անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մելքումյանն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է և չունի կառուցապատման թույլտվություն: