Հայաստանի զինված ուժերը ևս սպասում են մարտական գործողություններ իրականացնելու հրամանի, այսօր Արցախում ասել է Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` արձագանքելով Ադրբեջանի իշխանությունների՝ վերջին օրերին հնչեցրած ռազմատենչ հայտարարություններին։
«Արտահայտություններ են անում իրանց ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ՝ հայտարարելով, որ պատրաստ են գործողությունները սկսելու, միայն սպասում են հրամանի: Նախ՝ այնպես չէ, որ մենք հրամանի չենք սպասում: Երկրորդը՝ Տավուշում մարտական գործողությունները, որոնք որ անցկացվեցին, դրանք վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած նրան, որ հակառակորդն օգտագործեց գերժամանակակից միջոցներ շատ խիտ, հաջողության չհասավ ուղղակի և հակառակը՝ ունեցավ բազմաթիվ կորուստներ», - նշեց Տոնոյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքից, քանի շատ ուշ չէ: Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն անհասկանալի է որակում։ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, կուզենայի հասկանալ՝ «քանի ուշ» դա ե՞րբ է», - ասաց Տոնոյանը:
Տավուշում շաբաթներ առաջ տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ հայտարարեց ղարաբաղյան հարցի բանակցություններում անհրաժեշտ փոփոխությունների մասին:
Ըստ Հայաստանի իշխանությունների Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ պետք է դառնա, Հայաստանի ու Արցախի անվտանգության համակարգը ամրապնդվի, Ադրբեջանը պետք է հրապարակայնորեն հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ, բանակցությունները լինեն իմաստալից, հրադադարի պահպանման մոնիթորինգի արդյունավետ համակարգ ներդրվի, Ադրբեջանին զենք մատակարարող երկրներն էլ պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։
Ալիևը երեկ արձագանքել է Փաշինյանի հռչակած 7 կետերին՝ ասելով, որ դրանք անընդունելի են՝ կրկնելով ադրբեջանական վերը նշված պայմանը՝ Ղարաբաղից հայկական ԶՈւ-ի դուրսբերումը։ Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը Ալիևն անընդունելի է համարում, քանի որ Արցախի անկախությունը ոչ մի երկիր չի ճանաչել:
«Եթե Հայաստանի իշխանությունների տղամարդկությունը բավարարում է, թող Հայաստանը ճանաչի», - ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանը ոչնչացնում է բանակցային գործընթացը և փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը՝ նշելով. - «Մենք մերժում ենք այդ պայմանները և այդ թուղթը նետում աղբամանը»:
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը մեկն է իր ցայտնոտային և հակասական հայտարարություններից, ասում է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ալիևի հայտարարությունը վարչապետ Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած յոթ կետերի վերաբերյալ ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Ադրբեջանը և Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ են, ապակառուցողական և պատրաստ չեն փոխզիջումների», - ասաց Ռուբինյանը:
7 կետերով Հայաստանի իշխանություններն առաջ գնալու իրենց տեսլականն են ներկայացրել, ասում է պատգամավորը և հավելում՝ բանակցությունների գործընթացում առաջընթաց գրանցելու համար Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը։ Չընդունելով բոլոր 7 կետերը՝ Ալիևն, ըստ էության, մերժում է նաև հրադադարի ու իմաստալից բանակցությունների անհրաժեշտությունը, ընդգծում է Ռուբինյանը։
«Մերժում է կառուցողականությունը, մերժում է իրական արդյունքների միտված բանակցությունների անհրաժեշտությունը, և կարծում եմ՝ սա ակնհայտ է դարձնում Ադրբեջանի ապակառուցողական կողմ լինելը», - նշեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Ադրբեջանի նախագահի տղամարդկության, մեկը մեկի դեմ կռվելու մասին հայտարարություններն էլ, ըստ Ռուբինյանի, «տղայական մակարդակի» պնդումներ են:
Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտության լուծման Ալիևի քաղաքականությունը փշուր-փշուր է եղել, ասում է քաղաքական մեկնաբան Նժդեհ Հովսեփյանը:
«Դրա վառ վկայությունն է նաև Մամեդյարովի հեռացումը արտգործնախարարի պաշտոնից, և դա ցույց է տալիս, որ ղարաբաղյան հարցում Ալիևն այս պահի դրությամբ գտնվում է տոտալ փակուղում», - ասաց քաղաքական մեկնաբանը:
Հովսեփյանի գնահատմամբ՝ այժմ Ալիևը ո՛չ բանակցային, ո՛չ ռազմական ճանապարհով առաջ գնալ չի կարող, և այժմ նրան այսպիսի հայտարարություններ անելն է մնացել, որոնք, ըստ քաղաքական մեկնաբանի, պետության ղեկավարին հարիր չեն։
«Երբ որ ասում ես՝ «արի միասին մեկմեկու կռվենք», դրանք շատ տգեղ, շատ ասիական հոգեբանության պատկերացումների հայտարարություններ են», - ասաց նա:
Հովսեփյանն ընդգծում է՝ նմանատիպ հայտարարություններով Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանն է տապալում բանակցային գործընթացը։
Ի դեպ, այս օրերին Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին սահմանակից հատվածում զորավարժություններ են իրականացնում։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունն էլ այսօր տեղեկացրեց, որ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ ստուգման նպատակով վաղ առավոտյան բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի։ Իսկ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Հայաստանի արևմտյան սահմանագոտի, որտեղ Զինված ուժերը նոր մարտական հենակետ են տեղադրել: