Չինական հաքերային հանցագործների խումբը փորձել է գողանալ ամերիկյան դեղագործական Moderna ընկերության` COVID-19-ի դեմ մշակվող պատվաստանյութի գաղտնիքները։
Այդ ընկերության համահիմնադիրներից է նաև ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը։
Հունվարին կատարված հաքերային հարձակման մասին Reuters լրատվական գործակալությանն ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում։
Ավելի վաղ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ լրտեսության մեղադրանք է առաջադրվել Չինաստանի երկու քաղաքացիների։ Ըստ հետաքննության՝ հունվարին նրանք լրտեսել են ամերիկյան երեք ընկերությունների, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ։ Արդարադատության նախարարությունն ընկերությունների անունները չէր նշել։
Moderna-ի ներկայացուցիչը Reuters-ին հաստատել է, որ կիբերհանցագործներն ընկերության հանդեպ լրտեսական գործողություններ են իրականացրել և այդ գործը բացահայտելու համար համագործակցում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ։
Moderna-ի պատվաստանյութը Ամերիկայի հույսերից մեկն է կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար։ Գիտաբժշկական ուսումնասիրությունների համար կառավարությունը Moderna-ին կես միլիարդ դոլար է հատկացրել։ Պատվաստանյութի մշակման առաջին երկու փուլերի արդյունքները գոհացուցիչ են։ Շուտով մեկնարկելու են պատվաստանյութի երրորդ՝ ավելի լայնածավալ և վերջնական փուլի փորձարկումները, որոնց շուրջ 30 հազար մարդ է մասնակցելու: