Լուկաշենկո․ «Պարզ է, որ ռուսաստանցիները պետք է արդարանան իրենց կեղտոտ քայլերի համար»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Մինսկ, 29-ը հուլիսի, 2020թ.

Պաշտոնական Մինսկը բացատրություններ է պահանջում Ռուսաստանից՝ կոչ անելով հստակեցնել, թե ինչով էին զբաղված «Վագներ» կոչվող մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները Բելառուսի տարածքում։ Բելառուսի հատուկ ծառայությունները «Վագների» հետ առնչություն ունեցող Ռուսաստանի 32 քաղաքացիներին ձերբակալել էին նախօրեին՝ Մինսկի մերձակայքում գտնվող հանգստյան տներից մեկում։

«Ես հետևում եմ ռուսաստանցիների արձագանքին, և նրանք արդեն արդարանում են, հայտարարում են, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս, մենք ենք այդ մարդկանց Բելառուս բերել։ Դե պարզ է, հարկավոր է ինչ-որ կերպ արդարանալ սեփական կեղտոտ գործողությունների համար», - հայտարարում էր Ալեքսանդր Լուկաշենկոն: «Եթե նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, ապա հարկավոր է անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցներին, որպեսզի նրանք բացատրեն, թե ինչ է կատարվում», - հայտարարում էր Լուկաշենկոն Մինսկում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։