Սևանը կրկին ծաղկել է. մասնագետներն ահազանգում են՝ այսպես շարունակվելու դեպքում կճահճանա

Կապտականաչ ջրիմուռները կրկին գրոհել են Սևանը։ Հուլիսի կեսերից լճի առանձին հատվածներում հայտնի կապույտի փոխարեն անսովոր կանաչ է։

Վնասաբեր ջրիմուռներն այս տարի սովորականից ուշ են ծաղկել, սակայն մասնագետների խոսքով, վտանգը նույնն է մնացել, ահազանգում են՝ այսպես շարունակվելու դեպքում ազգային հարստություն համարվող Սևանը կճահճանա։

Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը մի լուսավոր կետ է նշմարում այս ամենում՝ լիճը ծաղկման դասակարգմամբ վերջին փուլում չէ, նախավերջինում է։

«Գոյություն ունի դասակարգման չորս աստիճան՝ թույլ, միջին, ինտենսիվ և հիպերծաղկում: Բարեբախտաբար, մենք դեռ չենք հասել վերջին փուլին, այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը, սակայն դա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում էին այդ ծաղկման երևույթները, հաղթահարված են», - նշեց Ղուկասյանը:

Ոլորտի մասնագետները հույսը չեն կորցնում, որ բանը դրան չի հասնի։ Ակնկալիքը կառավարության ծրագրերի իրականացումն է՝ գործնականում։ Սևանի խնդիրն այսօր քննարկվեց նավակով լճի վրա կազմակերպված ասուլիսի ընթացքում։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը վստահեցնում է՝ իրենք ձեռնարկելու են հնարավոր բոլոր միջոցները Սևանի ճահճացման վտանգը կանխելու համար։

«Այսօր կառավարության կողմից շատ խիստ և շատ հրատապ հանձնարարականներ է տված՝ ձեռնարկենք բոլոր միջոցառումները, ներկայացնենք բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է անենք, որպեսզի եկող տարի կա՛մ կանաչած հատված չունենանք, կա՛մ շատ քիչ լինի», - ասաց Վահե Ջիլավյանը:

Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող կոյաջրերն են լճի ծաղկման գլխավոր պատճառը, սրանում համոզված են և՛ ոլորտի մասնագետները, և՛ ոլորտի պատասխանատուները։ Անհրաժեշտություն են համարում մաքրման կայանների տեղադրման աշխատանքը:

Լճի ափին գործունեություն ծավալող մի քանի հարյուրի հասնող տնտեսվարողներից միայն մի քանիսն են նման կայաններ տեղադրել։ Մինչդեռ կառավարության դեռևս 2006 թվականի որոշմամբ, Սևանի հարակից տարածքների բնակավայրերից և օբյեկտներից դուրս եկող և լիճ թափվող կոյաջրերը պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն։ Այսինքն՝ նույն լճի ափին գործող ռեստորաններում կոյաջրեր մաքրող կենսաբանական կայաններ պետք է լինեն։

Թե ինչո՞ւ 14 տարիների ընթացքում այդ հարցը չի լուծվել, տարիներ շարունակ պատասխանատուները տարբեր պատճառաբանություններ են բերում։ Հիմա շրջակա համայնքներից հոսող կեղտաջրերի մաքրման հարցը կարող է լուծվել։ Եվրամիության դրամաշնորհի հաստատմանն են սպասում։ Ափամերձ տարածքների մաքրումն էլ է օրակարգում, քանի որ լճի ծաղկմանը նաև ջրածածկ ու ճահճածածկ հատվածներն են նպաստում։

2019-ին գործադիրը բյուջեից 570 միլիոն դրամ էր հատկացրել ափամերձ այդ տարածքների մաքրման համար։ 750 հեկտար տարածքը նախատեսվում է մինչ հաջորդ տարի ավարտել, սակայն ոլորտի գլխավոր պատասխանատուն չի թաքցնում՝ 1 տարում նախատեսվածի կեսն էլ չեն մաքրել, ընդամենը շուրջ 150 հեկտար է մաքրվել։ Այդ դեպքում արդյոք կհասցնե՞ն մինչև 2021-ի տարեվերջ մյուս 600 հեկտար ջրածածկ ու ճահճածածկ տարածքները մաքրել։

«Մենք շատ հնարավոր է, որ նոր կապալառու, նոր ծրագիր իրականացնենք, այդ իսկ պատճառով ես համարում եմ, որ կարա ստացվի դա», - նշեց նախարարի պաշտոնակատարը:

Իշխանափոխությունից հետո բնապահպանության փոխնախարար նշանակված, այնուհետ էլ հրաժարականի դիմում ներկայացրած Այսեր Ղազարյանը թերահավատ է, թե շրջակա միջավայրի նախարարությունը կարող է փրկել Սևանը։ Բնապահպանության ոլորտի փորձագետը համոզված է՝ ոլորտի կառավարումն ամբողջովին ձախողման եզրին է, հիշեցնում է՝ ինքը դեռ անցած տարի հենց այդ պատճառով հրաժարական տվեց։ Ասում է՝ ոլորտի կառավարման համակարգում դեռ նախկին իներցիան է պահպանվում։

«Գործընթացներն ամբողջությամբ ցույց են տալիս, որ որևէ լուրջ քայլ չի արվում, ավելի շատ այսպես ասեմ՝ տարեկան ծրագրերը Սևանի վերականգնման, պահպանության, արդյունավետ օգտագործման մասով ուղղակի գրվում են ցույց տալու համար: Կոնկրետ գործողություններ չեն արվում, որոնց մասին վկայում է վերջին երկու տարվա ընթացքում այն վիճակը, որը գնում է», - ասաց Ղազարյանը:

Ոլորտի փորձագետը միևնույն ժամանակ նկատում է՝ Սևանի խնդիրը մեկ օրում լուծվող հարց չէ, բավականին երկար գործընթաց է: Այնուամենայնիվ, Այսեր Ղազարյանը համոզված է՝ 2 տարվա ընթացքում էլ հնարավոր էր տեսանելի աշխատանք կատարել` Սևանի անդառնալի վտանգից խուսափելու համար։

«Մենք պետք է իրականում բովանդակահեն գործողությունների գնանք, և արդյունքները տեսանելի պետք է լինեն», - նշեց փորձագետը: